Zham.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է, Ադրբեջանի խորհրդարանը երկու տարի առաջվա 44-օրյա պատերազմի կապակցությամբ հայտարարություն էր ընդունել, որտեղ փորձ էր արվել նաև սրբագրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնության տրամաբանությունը: Հենց այդ տրամաբանությամբ է այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», կասկածի տակ դնում Լաչինի միջանցքի գործունեության լեգիտիմությունը և նույնիսկ պահանջում ռուս խաղաղապահներից, որպեսզի վերջիններս իրենց հայտարարություններում հրաժարվեն օգտագործել հայկական Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի հայկական անվանումները:
Ալիևի տրամաբանությունը հասկանալի է: Նա հաղթանակ է տարել վերջին պատերազմում և ցանկանում է Հայաստանի հանդեպ արձանագրել բացարձակ հաղթանակ: Բայց մեծ քաղաքականության մեջ միշտ չէ, որ փոքր երկրներին դա հաջողվում է: Օրինակ 1990-ականներին, երբ հայկական կողմը այդ հաղթանակը տարավ, մեզ թույլ չտվեցին ամրագրել մեր բոլոր ռազմական հաջողությունները դիվանագիտական հարթակներում: Իհարկե այս հարցում կա նաև մեր մեղքը, բայց դա խնդրի էությունը կարդինալ ձևով չի փոփոխում:
Քանզի բացի Հայաստանից ու Ադրբեջանից մեր տարածաշրջանում իրենց շահերն ունեն նաև այլ պետությունները:
Սակայն Ալիևը այս հարցում ուզում է ստանալ ամեն ինչ և միանգամից: Այս պայմաններում Հայաստանի կողմից, այսպես կոչված ջայլամային քաղաքականություն վարելը ոչ թե մեզ կփրկի, այլ ճիշտ հակառակը, էլ ավելի կմոտեցնի աղետին:
Այս պարագայում Հայաստանի խորհրդարանի պատասխանը Ադրբեջանին չափազանց կարևոր է, և այն պետք է դուրս լինի իշխանություն-ընդդիմություն հակամարտության օրակարգից: Այդ պարագայում «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող հայտարարությունը կարող է լինել կոնսոլիդացված Հայաստանի պատասխանը Ալիևին:
Ավելին, դա անհրաժեշտ է նաև այլ խաղացողների համար: Քանզի երբ, օրինակ, Ադրբեջանը պահանջում է Մոսկվայից հրաժարվել արցախյան բնակավայրերի հայկական անվանումներից, ապա ռուսական կողմը չի կարող երկար դիմադրել ադրբեջանցիների պահանջներին, եթե չտեսնի հայկական կողմի կոնսոլիդացված պահվածքը: Նույնը կարելի է ասել Իրանի, Ֆրանսիայի և այլ երկրների մասին:
Ինչպիսի՞ն կլինի իշխանության պահվածքը այս առումով, դրանից պարզ կդառնա, թե ինչքանով են այս իշխանությունները լուրջ իրենց հաշվարկներում: Իհարկե, այստեղ կա մի գործոն, առաջարկը եկել է ընդդիմությունից: Բայց նրանք մեղավոր չեն, որ դա չի ծնվել իշխանության քաղաքական խոհանոցում:
Եթե այս հարցում էլ ընդդիմության առաջարկը մերժվի, ապա դրանից հետո կարելի կլինի արձանագրել, որ այս քաղաքական դաշտը, որն առկա է խորհրդարանում, այլևս ոչ մի օգուտ չի կարող տալ երկրին:
Քանզի մարդիկ կտեսնեն, որ հասկանալի պետությանը անհրաժեշտ խնդիրների շուրջ նույնիսկ հնարավոր չի հասնել համաձայնության: Այսինքն իշխանության ջայլամային քաղաքականությունը շարունակվելու է, երկրի համար դրանից բխող վտանգներով:
Սա է իրականությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը