2016 թվականի փետրվարի 4-ին, երբ ԱԺ-ն ընդունում էր վարկային համաձայնագիր, Նիկոլ Փաշինյանը ելույթում քննադատում է այն ու ավելացնում․ «Եթե էս վարկերը չլինեն, ընդհանրապես երկրի տնտեսության մեջ ուղղակի ոչ մի բան տեղի չի ունենա»։
2016թ․ սեպտեմբերի 10-ին նորաստեղծ ՔՊ կուսակցության հանրահավաքի ժամանակ հայտարարում է․ «Մեզ համար կարևորագույն հաջորդ խնդիրը արտաքին պետական պարտքն է, որը հատել է 5 մլրդ դոլարի սահմանագիծը»։ Նաև ասում էր, թե պետք է արտաքին պետական պարտքը աուդիտի ենթարկվի՝«Որքանո՞վ է արդյունավետ օգտագործվել, ինչքանո՞վ են մսխվել միջազգային կազմակերպություններից վերցված վարկերը և այդ կազմակերպությունները որքա՞ն են տեղյակ եղել կոռուպցիոն ռիսկերի մասին և ներգրավված եղել»։
Պատգամավոր եղած ժամանակ բոլոր վարկային պայմանագրերը մերժած, խիստ քննադատության ենթարկած, անգամ՝ վարկատու կազմակերպություններին կոռուպցիոներ համարող Նիկոլ Փաշինյանն այսօր մեծ շնորհակալություն է հայտնում, որ հնարավորություն են տվել իրեն կրկնապատկել Հայաստանի պարտքը։
2018թ․ իշխանափոխությունից հետո Փաշինյանն ասում էր՝ «Մեզ համար կարևոր է, որ այնպիսի որոշում կայացնենք, որը մեզ չի ստիպի Հայաստանի արտաքին և պետական պարտքը ավելացնել»։
Հայաստանի կառավարությունն այժմ գրեթե ամեն նիստում վարկային համաձայնություն է տալիս, միայն վերջին՝ նոյեմբերի 24-ի նիստում 100 մլն եվրոյի վարկային համաձայնագրի հավանություն տվեց։ Նիկոլ Փաշինյանը նախ հետաքրքրվեց, թե որքան է Հայաստանի պարտքը, բայց երբ իմացավ, որ 10 մլրդ դոլարից անցնում է, ասաց, թե՝ թիվն էական չէ․ «Ենթադրենք, էսինչ մարդը 50 հազար դոլար պարտք ունի: Վա՜յ քու, ոնց ա լինելու, ոնց ա լինելու, ենթադրենք, էդ մարդն ամիսը 45 հազար դոլար աշխատավարձ է ստանում, իր համար 50 հազար դոլար պարտքը պրոբլեմ չէ։ Մեր խնդիրն այն չէ, որ մեր պարտքը 10 կամ 15 միլիարդ չլինի, մեր խնդիրն այն է, որ մեր պարտքը ոչ թե ՀՆԱ-ի նկատմամբ աճի, այլ՝ նվազի»։
Ստացվում է՝ նախկինում 5 մրդ դոլարը ռիսկային համարող և կոռուպցիոն մեղադրանքներ հնչեցնող Փաշինյանն այժմ երկիրը խեղդում է վարկային բեռի մեջ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը