25 11 2022

Մենք հեռուստատեսություն ենք մտածող մարդկանց համար. Հարություն Հարությունյան

Մենք հեռուստատեսություն ենք մտածող մարդկանց համար. Հարություն Հարությունյան

5-րդ ալիքի տնօրեն Հարություն Հարությունյանը գրում է.

Չորս տարի առաջ՝ 2018թ այս օրը 5-րդ ալիքը հայտնվեց եթերում: Ծանր, շատ ծանր ժամանակներ էին: Հեղափոխական էյֆորիան խժռում էր այն ամենը, ինչի համար իբր տեղի էր ունեցել իշխանափոխությունը: Հայհոյանքների տարափի տակ, հանրության մեծ մասի կողմից մերժված, աշխատում էինք ու դեռ չգիտեինք, թե որքա՜ն մեծ դժվարություններ ենք հաղթահարեու և որքա՜ն մեզ չսիրող , խանդող, ատող , փնովող, պատերի և իշխանավորների ականջների տակ բամբասող «գործընկերների» բանակ ունենք: Իմացանք: Մեր մուտքը եթեր լյուստրացիայի ենթարկեց թե լրագրողական, և թե մասնագիտական ոլորտի փորձագիտական համայնքները: Բայց սրա մասին չէ, որ այսօր կուզեի պատմել: Մենք որոշել էինք, որ եթեր պետք է մտնենք նոյեմբերի 25-ին և այդ օրվա հետ կապված թիմում զուտ մասնագիտական տեսանկյունից, կար որոշակի անհամաձայնություն: Կարծիք կար, որ դեռ աշխատանքներ կան անելու և ամբողջությամբ պատրաստ չենք: Հիշում եմ, չորս հոգով սրճարանում քննարկում էինք օրվա հարցը և երկար քննարկելուց հետո, վերջնական որոշեցինք՝ մտնում ենք հենց նոյեմբերի 25-ին, ազգային հերոսի՝ Մոնթեի ծննդյան օրը ու հենց նրա մասին պատրաստած ֆիլմով: Հետո արդեն եղավ այն, ինչ արդեն չորս տարի շարունակ, օրը 24 ժամ շարունակականությամբ կատարվում է:

Այս գրությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել «5-րդ ալիքի» ողջ անձնակազմին, «Հայլուր» լրատվական ծառայության աշխատակիցներին, ստեղծագործական խմբերին և անպայման մեր հեռուստադիտողներին: Առանձնակի շնորհակալություն «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին, որ նույնիսկ ձերբակալված օրերին, կալանավայրից ամեն ինչ անում էր, որ իր՝ պարտադրված բացակայությունը բացասաբար չազդի կոլեկտիվի բարոյահոգեբանական և նյութական վիճակի վրա: Ինչե՜ր ասես, որ չտեսանք,բայց մենք կանք և ամեն օր, ամեն անգամ, երբ մեր սիրելի հեռուստադիտողը ձեռքը կվերցնի հեռուստակառավարման վահանակը և կմիացնի «5-րդ ալիքը», թող վստահ լինի, որ մենք, երբեք, երբեք չենք ստելու, չենք քծնելու, չենք հալվելու «արքաների» ժպիտներից, մատուցելու ենք միայն գրագետ հեռուստակոնտենտ և հավատարիմ ենք մնալու մեր սկզբունքին, այն է՝ մենք հեռուստատեսություն ենք մտածող մարդկանց համար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ