22 11 2022

ԲԴԽ-ում կոռուպցիա կա՞, թե՞ չկա. 168.am

ԲԴԽ-ում կոռուպցիա կա՞, թե՞ չկա. 168.am

168.am  գրում է. Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) աշխատանքային օրվա ավարտին հաղորդագրություն հրապարակեց, որում երկու, մեկը մյուսից աղաղակող տեղեկություն կար: 

Նախ ԲԴԽ-ից տեղեկացրել էին, որ տեղի է ունեցել հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող դատավորների ընտրության հարցազրույցի փուլը, որին մասնակցող 10 հավակնորդից ընտրվել է 2 թեկնածու՝ Աննա Շիլաջյանը՝ 7 կողմ, 2 դեմ ձայնով, և Ռուդոլֆ Ավագյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով:

Ապա հաջորդ պարբերությամբ աչքալույս էին տվել, որ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուներից ընտրվել է 1-ը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով:

Հայ հասարակությունը և դրա՝ հատկապես իրավաբան սեգմենտն ուշադրությունը բևեռացրեց Մնացական Մարտիրոսյանի՝ կոռուպցիոն գործեր քննող դատավոր դառնալու հավանականության վրա, սակայն հաղորդագրության առաջին պարբերությունը պակաս խնդրահարույց չէր:

Մնացական Մարտիրոսյանի հավանական նշանակմանը դեռ կանդրադառնանք:

Երեկ, ինչպես արդեն վերը նշեցինք, ԲԴԽ-ն նաև հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող դատավորներ էր ընտրել:

Ընտրությունը երկու փուլով է՝ գրավոր և բանավոր: Գրավոր փուլն ավելի վաղ էր տեղի ունեցել, իսկ բանավոր կամ հարցազրույցի փուլը երեկ էր: Բոլոր 8 թեկնածուներից ընտրվել են երկուսը՝ Աննա Շիլաջյանը և Ռուդոլֆ Ավագյանը:

Պետք է նշել, որ մասնագիտական պատրաստվածության հարցերը որոշվում են մրցույթի գրավոր փուլի ընթացքում, իսկ հարցազրույցի փուլն ավելի շատ ճանաչողական բնույթ ունի: Օրինակ՝ կարող են հարցնել՝ ի՞նչ գիրք ես կարդացել վերջին անգամ:

Երբ ծանոթանում ես մրցույթի գրավոր փուլի արդյունքներին, առաջին հայացքից, դեռ դետալների մեջ չխորանալով, աչքի է զարնում մի ուշագրավ հանգամանք. 8 թեկնածուներից ընտրված անձանցից մեկը, օրինակ, 9 միավոր պակաս ունի, քան գրավոր փուլի արդյունքներով ամենաբարձր միավորներ հավաքած թեկնածուն, 7 միավոր ցածր է ստացել երկրորդ արդյունքը ցուցաբերածից: Խոսքն Աննա Շիլաջյանի մասին է:

Մյուս ընտրվածը՝ Ռուդոլֆ Ավագյանը, 3-րդ արդյունքն ունի:

Հասկանալու համար՝ ինչը կարող էր հանձնաժողովին ստիպել իրենց ընտրությունը կատարել, օրինակ, Աննա Շիլաջյանի օգտին, 168.am-ն ուսումնասիրեց դատավորների հավակնորդների կենսագրությունները:

Աննա Շիլաջյանը գյումրեցի է, աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում՝ որպես կրտսեր մասնագետ, ապա՝ Արդարադատության խորհրդի աշխատակազմում, դարձյալ որպես կրտսեր մասնագետ, հետո՝ մասնագետ, կրկին՝ Դատական դեպարտամենտում՝ որպես առաջատար մասնագետ, հետո՝ գլխավոր մասնագետի ժ/պ, հետո նույն բաժնում՝ բաժնի պետի ժ/պ, մինչև դատավոր դառնալը Դեպարտամենտում վարչության պետի ժ/պ է:

Ինչպես տեսնում ենք, դատավոր դարձած անձը պրակտիկ աշխատանքի փորձառություն չունի:

Մյուսը՝ Ռուդոլֆ Ավագյանը, դիլիջանցի է, ավարտել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, աշխատել է Տավուշի մարզում և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական: Այսինքն՝ դատավոր դարձած այս հավակնորդը պրակտիկ աշխատանքի փորձ ամեն դեպքում ունի:

Մյուս 6 թեկնածուների մեջ կար դատախազ, ով ավելի վաղ երկար տարիներ փաստաբան է եղել, գիտնական, Վճռաբեկ դատարանի փորձագետ, Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ… Բայց, փաստորեն, հանձնաժողովը, որի անդամները ԲԴԽ կազմն էր, նախապատվությունը տվել էր Աննա Շիլաջյանին և Ռուդոլֆ Ավագյանին:

Քանի որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն աջուձախ հայտարարում է, որ կոռուպցիան արմատախիլ է անելու դատական համակարգում, իսկ արդարադատության նախարար եղած ժամանակ էլ ասում էր, որ համակարգում մոտ 4 տասնյակ կոռումպացված դատավորներ կան, որոնց համակարգից պետք է հանել, անդադար փորձում է համոզել, որ բարի նպատակներով է եկել ԲԴԽ, լուծելու է դատավորների խնդիրները, և երևի դրա համար է օրենքի խախտմամբ իր հետ ԲԴԽ բերել նաև իր մշտական աշխատանքային ուղեկցին՝ Երանուհի Թումանյանցին, ու կոռուպցիոն գործեր քննող դատավոր է դարձնում Մնացական Մարտիրոսյանին, փորձեցինք թեթև հարցախույզ անել… Եվ մի ուշագրավ, խիստ պատահական զուգադիպություն հայտնաբերեցինք:

Պարզվում է՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող դատավորներ դարձած Աննա Շիլաջյանն ու Ռուդոլֆ Ավագյանը փոխկապակցված են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի հետ. մեկը հարսն է, մյուսը՝ օգնականը:

Մեր տեղեկություններով՝ երկուսն էլ բավականին ապահովված անձինք են: Աննա Շիլաջյանի հայրն, օրինակ, «Ալֆա Ֆարմ Իմպորտ» ՓԲԸ-ի տնօրենն է:

Գիտեի՞ն ԲԴԽ-ում, թե՞ ոչ, որ դատավոր ընտրված անձինք փոխկապակցվածություն ունեն մեկ այլ դատավորի հետ, հայտնի չէ, բայց հավատալ նրան, որ Կարեն Անդրեասյանի ու ԲԴԽ գործող կազմի համար սա բացահայտում է, ծիծաղելի է:

168.am-ն, իհարկե, հաջորդ հրապարակումներում կտեղեկացնի՝ ով է Լիլիթ Սարգսյանի հետ փոխկապակցված անձանց տանիքը ԲԴԽ-ում կամ շատ ավելի վերևում, որ հաջողացրել է միանգամից երկուսին դատավոր դարձնել, սակայն կոռուպցիայի մասին ամեն թեյնիկից աղաղակող բարձրագույն իշխանությունը ու նրա՝ մասնավորապես դատական իշխանության գլխին նստած անձը լավ կանեն ամեն դեպքում հանգամանորեն բացատրեն՝ ինչպես եղավ, որ 8 հավակնորդներից դատավոր է դառնում, օրինակ, մեկը, ով ամենևին էլ բացառիկ գիտելիքներ չի ցուցաբերել, կամ երկուսը, ովքեր կոնկրետ մեկ անձի հետ սերտ փոխկապակցվածություն ունեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ