Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն Ադրբեջանին մեղադրել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակչի ուղղությամբ կրակելու մեջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ պաշտպանության նախարարության կայքում հրապարակվել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղեկագիրը, որում նշվում է, որ Ասկերանի շրջանում ֆիքսվել է հրադադարի ռեժիմի խախտում. «Նոյեմբերի 12-ին, ժամը 15:30-ին ադրբեջանական դիրքից հրաձգային զենքից կրակ է արձակվել տեղի բնակչի ուղղությամբ, որը գյուղատնտեսական տեխնիկայով հողային աշխատանքներ է իրականացրել Խրամորթ բնակավայրից 1.8 կիլոմետր արևելք ընկած հատվածում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կրակի հետևանքով բնակիչը թեթև վիրավորվել է, իսկ նրա տեխնիկան՝ կրել աննշան վնաս:
«Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ հետաքննություն է անցկացնում փաստի առթիվ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաներում, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ:
Դեպքի վայր մեկնած շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում, Խրամորթ գյուղի բնակիչներ` 27-ամյա Ս.Վանյանը և 45-ամյա Ա. Հայրապետյանը նշված գյուղի վարչական տարածքի «100 հեկտար» կոչվող տեղանքում, «Տ-150» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղղությամբ կրակ է արձակվել։
Կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմային և հետևի հողմապակիները։ Ջարդված դիմապակու կտորները դիպչել են Ա. Հայրապետյանի դեմքին`պատճառելով մարմնական վնասվածքներ: Վերջինս տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը