«Հետք»-ը գրում է․
«Հետք»-ի՝ «Արսեն Թորոսյանի ընտանիքի ձկնաբուծական նոր բիզնեսը» հոդվածի հիման վրա, Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, հրապարակումը հոկտեմբերի 28-ին ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:
Հակակոռուպցիոն կոմիտեում նոյեմբերի 4-ին Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի հատկանիշներով (հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն:
Արսեն Թորոսյանի ընտանիքի ձկնաբուծական նոր բիզնեսը
Գրել էինք, որ Առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը թեև պաշտոնյայի հայրն է՝ գյուղում ձկնաբուծարանն ավելի հայտնի է որպես «Արսեն Թորոսյանի ձկնաբուծարան»:
«Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2021թ. մայիսի 27-ին: Ընկերության հիմնադիրը եղել է Շավարշ Գրիգորյանը և նրա կինը՝ Էդիտա Գուրօղլյանը: Գրիգորյանը Արսեն Թորոսյանի նախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը:
Սակայն հիմնադրումից ամիսներ անց «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերը փոխվել են: 2021թ. հոկտեմբերի 19-ից ընկերության 80% բաժնեմասը պատկանում է Արսեն Թորոսյանի հորը՝ Գևորգ Թորոսյանին: Իսկ 20%-ի սեփականատերը Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի հայրն է՝ Սարգիս Թադևոսյանը:
Երբ Արսեն Թորոսյանն Առողջապահության նախարար էր, Ռազմիկ Թադևոսյանը եղել է նրա վարորդը: Այնուհետև դարձել է Թորոսյանի օգնականը, երբ վերջինս ընտրվել է ԱԺ պատգամավոր: Ռազմիկ Թադևոսյանը Ազգային ժողովից էլ «գործուղվել» է Արագածոտնի մարզպետարան՝ ավելի մոտ գտնվելով երկու ընտանիքների համատեղ բիզնեսին:
Արսեն Թորոսյանը, հոր՝ Գևորգ Թորոսյանի և Սարգիս Թադևոսյանի՝ «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ում բաժնետեր դառնալու հաջորդ օրը՝ 2021թ. հոկտեմբերի 20-ին, երկու միավոր հողատարածք է գնել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում: Այս տեղեկատվությունը նշված է պաշտոնյայի 2021թ. գույքի, եկամուտների, շահերի տարեկան հայտարարագրում:
Թորոսյանը հողատարածքները գնել է ընտանիքի նոր բիզնես գործընկերոջ՝ Սարգիս Թադևոսյանի կնոջից՝ Աննա Թադևոսյանից՝ համապատասխանաբար վճարելով 3 մլն 700 և 1 մլն 300 հազար դրամ:
«Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն ձկնաբուծությամբ զբաղվելու նպատակով ջրօգտագործման թույլտվություն ստացել է 2022թ. մարտի 10-ին, 3 տարի ժամկետով: ՍՊԸ-ն «անանուն աղբյուրից» (այդպես է նշված տվյալներում) վայրկյանում ստանալու է 60 լիտր ջուր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը