10 11 2022

Ադրբեջանական կողմը միջազգային հանրության աչքում փորձում է արդարացնել ԼՂ տարածքում շարունակվող վանդալիզմի ակտերը

Ադրբեջանական կողմը միջազգային հանրության աչքում փորձում է արդարացնել ԼՂ տարածքում շարունակվող վանդալիզմի ակտերը

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը հայտարարություն է տարածել 2022 թվականի  նոյեմբերի 9-ին ՎԴՆԽ տարածքում գտնվող «Ադրբեջան» տաղավարում վավերագրական ֆիլմի ցուցադրության վերաբերյալ:

«Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն իր խորին հիասթափությունն է հայտնում Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի (ՎԴՆԽ) տարածքում ս․թ․ նոյեմբերի 9-ին ադրբեջանցի կինոպրոդյուսեր Արզու Ալիեւայի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի մասին նկարահանված ֆիլմի ցուցադրության կապակցությամբ։

Այս գործողությունը դիտարկում ենք որպես բացահայտ սադրանք, որն ուղղված է ազգամիջյան տարաձայնությունների հրահրմանը եւ վերջին տարիներին ձեռնարկած բազմաթիվ ջանքերի խափանմանը։

«Շուշա, դու ազատ ես» օդիոզ վերնագրով վավերագրական ֆիլմը ադրբեջանական քարոզչության հերթական հայատյաց արտադրանքն է, որը ոչ միայն վիրավորում է ՌԴ տարածքում բնակվող բազմաթիվ հայերի, Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղում նրանց հայրենակիցների զգացմունքները, այլեւ ակնհայտ ուղեցույց է ադրբեջանական երիտասարդության համար, որը շարունակում է կրթվել ատելության եւ քսենոֆոբիայի հիման վրա։

Ակնհայտ է, որ նման գործողություններով ադրբեջանական կողմը միջազգային հանրության աչքում փորձում է արդարացնել ինչպես 2020 թվականի պատերազմի, այնպես էլ 2021-2022 թվականների հետագա իրադարձությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի բնակիչների եւ նրանց պաշտպանների դեմ իրականացված ծանրագույն պատերազմական հանցագործությունները, ագրեսիայի ընթացքում գրավված Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվող վանդալիզմի ակտերը։

Նշենք նաեւ, որ ադրբեջանական կողմը միտումնավոր ընտրել է ՎԴՆԽ-ի հարթակը՝ դրանով վարկաբեկելով ոչ միայն բոլորի համար սիրելի ցուցահանդեսային կենտրոնը, որը քարոզում է ժողովուրդների միջեւ բարեկամության եւ համագործակցության գաղափարներ, այլեւ մի երկրի, որի ջանքերի շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը որոշեցին ընտրել խաղաղության եւ բարիդրացիության տանող ճանապարհը»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ