Մասիսի համայնքային փնջի ՔՊ-ական գյուղապետերից մեկը 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի համար բյուջեից շուրջ 1,7 միլիոն փող է դուրս գրել, իսկ հետո խաչքարին իր անունն է փորագրել՝ համոզելու բնակիչներին, թե իբր գյուղի կենտրոնում իր անունից է հիշատակի խաչքար կանգնեցրել։
Խոսքը երևանամերձ Գեղանիստի վարչական շրջանի նախկին ղեկավար Վաչիկ Ադիլխանյանի մասին է, նա համայնքի միջոցներով, բայց իր անունից փորագրված խաչքարը հանդիսավորությամբ տեղադրել էր գյուղամեջի պուրակում, ընդ որում՝ Մասիսում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, իսկ ինքն այդ ընտրություններին առաջադրված էր ՔՊ ցուցակով և մրցում էր Դավիթ Համբարձումյան դաշինքի հետ։ Ընտրություններին պարտվեց ՔՊ-ն, հետևաբար պաշտոնանկ արվեց նաև ինքը։
Երևանամերձ Գեղանիստի բնակիչները նոր են պարզել «խաչագող գյուղապետի» խարդախության հանգամանքները, վրդովված են ու մտադիր են առաջիկա օրերին մեծ աղմուկ բարձրացնել՝ իրենց խոսքով՝ ՔՊ-ական գյուղապետին խայտառակելու համար։
Yerevan.Today-ին հայտնեցին իրենց պլանների մասին․ «գյուղի կենտրոնում մեծ ակցիա ենք անելու, հրավիրելու ենք լրատվամիջոցներին և ուղիղ եթերում շրջայց ենք անելու գյուղապետ Ադիլխանյանի «կալվածքների տարածքում», փաստաթղթերով ջրի երես պիտի հանենք, թե ինչպես է Ադիլխանյանը Երևանի եզրին մեր վարչական թանկ տարածքները կոպեկներով իրենը դարձրել՝ մեր հաշվին իրեն տուն, մեծ բենզալցակայան ու ահռելի սուպերմարկետ կառուցել, իսկ պուրակի հաշվին եղբորորդուն եռահարկ շենք կառուցել։
Առանձնակի ուշադրության է արժանի Գեղանիստի գյուղապետարանի գեղեցիկ շենքը վթարային շինության անվան տակ օտարելու և յուրացնելու հանգամանքը։
Գյուղացիները համոզված են՝ Գլխավոր դատախազությունն ու հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը աչք են փակել ՔՊ-ական գյուղապետի ապօրինի հարստացման ու զանցանքների վրա՝ քաղաքական դրդապատճառներով։ Ասում են՝ այսօր Ադիլխանյանը ձիու վրա չէ, դրդելու ենք իրավապահներին աշխատեն, որ պարզեն 23 տարի պաշտոնավարած ու ՔՊ դարձած Վաչիկ Ադիլխանյանի ընտանիքի սեփականությունը դարձած բոլոր շենք-շինությունների, հողերի փաստաթղթավորումները։
Ի դեպ՝ իրավական հետևանքը երկու հոդվածով գյուղապետին առաջադրվող մեղադրանք կարող է լինել՝ չարաշահում կամ պաշտոնեական լիազորությունների օգտագործմամբ՝ յուրացում կամ վատնում անձնական շահադիտական նպատակով։
Գեղանիստի նախկին գյուղապետն ընդունեց, որ այո, ՔՊ-ի քարոզարշավից առաջ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակն հավերժացնող խաչքարը համագյուղացիների անունից է տեղադրել գյուղում, բայց չգիտես ոնց՝ իր անունն է վրան փորագրվել։ Նա պնդում է, թե դա շփոթմունք է, խնդրում է բնակիչներին՝ բողոք չգրել ոչ մի տեղ, խոստանում է՝ շուտով կդիմի նույն քանդակագործին՝ կգան, իր անունը կջնջեն վրայից ու նոր հարթվող մակերեսին կփորագրեն՝ «համայնքապետարանի անունից»։
«Իհարկե ճիշտ եք, գյուղապետարանի միջոցներով և համայնքի անունից է դրվել խաչքարը, ուղղակի էդ քանդակողը շշկռվել ա, գյուղապետարանի անվան տեղը իմ անուն ազգանունն ա տաշել վրան, բայց ինչ կա․․․ դա բա՞ն է փոխելու, չեմ հասկանում։
Ես հետո պարզեցի՝ էդ մարդն էլ էր որդի կորցրել պատերազմում, դե երևի էդ վշտից խելքը տեղը չի եղել, ինչ ասես․․․ դե հիմա մարդ ենք, շշկռվել էր, ես էլ տեղադրելուց տեսա, էլ բան չէինք կարա փոխեինք, ժամանակը սուղ էր, պայմանավորվել էինք, մարդիկ էին հավաքվել, օր-ժամ նշանակված էր, պիտի տեղադրվեր, փոխելու շանս չկար․․․
Դե եթե բնակիչներն էդքան վրդովված են, կանչել-բողոքել են ձեզ, ինչ ասեմ․․․ թող բողոք չգրեն, հեսա մի քիչ վիճակս լավանա, կանչեմ էդ քանդակագործին գա իմ անունը տաշի, մաքրի, իրենց անունը փորքագրի տեղը՝ համայնքի անունից, լա՞վ է, գոհ կլինեն․․․»,- ասաց Ադիլխանյանը, իսկ իրեն վերագրվող շինությունների ապօրինի սեփականաշնորհումների մասով առանձնապես չէր ընդդիմանում, ընդունում էր, որ օգնել է եղբորորդուն՝ պուրակի հաշվին սեփականություն եռահարկ շինություն կառուցի, ընդունեց նաև, որ գյուղապետարանն է կտուրի կաթոցների պատճառով վթարային ճանաչել ու օտարել մեղմ գներով, սրտաճմլիկ պարզաբանումներով ավելի շատ փորձում էր գյուղացիների մոտ խղճահարություն առաջացնել իր և հաշմանդամություն ունեցող եղբորորդու հանդեպ՝ համարելով, որ մեծ հանցանք չէ, կարելի է և ներողամիտ լինել։ Իսկ ինքն ավելի շատ զարմանում էր համագյուղացիների համառ հետևողականությունից, որ «լարվել են իր դեմ ու փորձում են արշավներ կազմակերպել անտեղի»։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը