Հետք-ը գրում է.
«Հատիս լեռան տարածքում առկա և պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված հուշարձանները պահպանվում են օրենքով սահմանված կարգով»,- «Հետքը» այս պատասխանն օրերս ստացել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից:
ԿԳՄՍ-ում, թերևս, չեն դիտել հուլիսի 14-ին «Հետք»-ի հրապարակած տեսանյութը, որը պատմում է Հատիս լեռան գագաթ տանող նոր կառուցվող ճանապարհների, էլեկտրական լարերի համար սյուներ տեղադրելու մասին։ Հատիսի համայնքապետարանը լեռան գագաթին ջրագիծ կառուցելու շինթույլտվություն է տվել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։ Հիմնադրամն արդեն հանրությանը ներկայացրել է «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիր» նախագծի անիմացիոն տարբերակը, ըստ որի՝ կառուցապատումն ընդգրկելու է լեռան ողջ տարածքը։
Հատիս լեռան գագաթին Քրիստոսի արձանը տեղադրելու առիթով ԿԳՄՍ նախարարությունը նույնպես հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ լեռան լանջերին գտնվում են տարբեր դարաշրջաններով թվագրվող շուրջ 20 հուշարձաններ:
Իր հերթին ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀԱԻ) տեղեկացրել էր, որ հայ-իտալական արշավախումբը 2019թ.-ից ուսումնասիրություններ է իրականացրել «Հատիսի ամրոց» հնավայրի տարածքում: Մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներին վերագրվող ամրոցը ժողովրդի մեջ հայտնի է Շամիրամի կամ Քյոռօղլու բերդ անվանումներով: Լեռան գագաթին գտնվող բրոնզ-երկաթեդարյան ամրոցը և օժանդակ շինությունները ներկա պահին դեռևս գրանցված չեն հուշարձանների պետական ցուցակում, քանի որ համարվում են նորահայտ հուշարձաններ:
ՀԱԻ գիտխորհուրդը հուլիսի 14-ին ընդունած հայտարարության մեջ նկարագրել էր, որ հնավայրի տարածքում արձանի տեղադրման նպատակով կատարված շինարարական աշխատանքների արդյունքում անդառնալիորեն աղճատվել է հնավայրի հատկապես կենտրոնական հատվածը, այստեղ առկա կառույցները և արևելյան պարսպապատի մի հատվածը։
«Հողաշերտի հեռացման արդյունքում արևելյան պարսպապատի խաթարված հատվածը հնարավոր է վերականգնել, մինչդեռ դա այլևս անհնար է կենտրոնական մասում առկա կառույցների պարագայում, քանի որ դրանք ենթարկվել են ծանր տեխնիկայով քանդման, ինչից հետո նոր հող է կուտակվել այդ հատվածում ապագայում նախատեսված արձանի հիմքի համար։ Հնավայրի արևմտյան հատվածի պարսպապատը չի վնասվել, անդառնալիորեն ավերվել են նրան կից կառույցները, ինչը նույնպես հողալիցքի հեռացնելուց հետո հնարավոր չէ մաքրել և վերականգնել»,- ասվում էր հայտարարության մեջ։
ՀԱԻ ինստիտուտի գիտխորհուրդը հուշարձանների պահպանության համար պատասխանատու ԿԳՄՍ նախարարությանը հիշեցրել էր օրենքի պահանջը․ «Եթե նշված աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես՝ աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ` հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ դեպքերում` տեղափոխում և լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ»:
Հատիս լեռան վրա շինարարությունը վաղուց իրողություն է, «Շամիրամ ամրոց» հուշարձանն՝ արդեն վնասված։ Մնում էր պարզել, թե լեռան լանջերին գտնվող պատմության հուշարձանների պահպանության երաշխավոր ԿԳՄՍ նախարարությունը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին շինարարական աշխատանքները սկսելուց առաջ հնագիտական աշխատանքները ֆինանսավորելու պահանջ ներկայացրե՞լ է։
«Հատիս լեռան տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ պաշտոնական գրություն չենք ստացել։ Հատիս լեռան գագաթին առկա բրոնզ-երկաթեդարյան ամրոցը դեռևս որևէ կարգավիճակ չունի։ Ուսումնասիրման աշխատանքներն ընթացքի մեջ են, ավարտից հետո փորձագիտական հանձնաժողովը կքննարկի ամրոցի կարգավիճակի հարցը»,- «Հետք»-ին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Շեշտենք՝ նախարարությունում քննարկելու են այն ամրոցի կարգավիճակի հարցը, որի մասին ՀԱԻ գիտխորհուրդը մոտ երկու ամիս առաջ հայտնել է, որ հայտնի օլիգարխի իրականացրած շինարարական աշխատանքների արդյունքում «անդառնալի վնաս է պատճառվել»։
Նախարարությունը չի պատասխանել մեր այն հարցին, թե առհասարակ, Հատիս լեռան տարածքում հնագիտական աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, ինչպե՞ս է տնօրինելու 20 հուշարձանների ճակատագիրը։ Խոստանում են իրենց դիրքորոշումը հայտնել փաստաթղթերը ներկայացնելուց հետո։
Հիսուսի արձանը տեղադրելու փաստաթղթերը չեն ներկայացվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության
Հատիս լեռը նաև բնության հուշարձան է, այն գրանցվել է 2008-ին՝ «Հատիս հրաբուխ» անվանումով։ Ըստ այդմ՝ բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը»): Բնության հուշարձանի տարածքում ցանկացած գործողություն նախապես պետք է ստանար Շրջական միջավայրի նախարարության թույլտվությունը:
«Հատիս հրաբուխ» անվանումով բնության հուշարձանի պահպանության համար պատասխանատու Շրջակա միջավայրի նախարարությունից հետաքրքրվել ենք, թե մասնագիտական եզրակացություն տվե՞լ են կառուցապատման վերաբերյալ։ «Հատիս լեռան վրա Հիսուսի արձանի տեղադրման նախատեսվող գործունեության փաստաթղթերը չեն ներկայացվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության»,- հավաստիացնում է նախարարությունը։
«Առանց փորձաքննության դրական եզրակացության արգելվում է նախատեսվող գործունեության իրականացումը»,- հայտնել է ՇՄ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
Պաշտոնական գրություն չստանալն, իհարկե, չի նշանակում, որ այնտեղ շինարարական աշխատանքներ չեն կատարվում։ Ավելին, ԿԳՄՍ և շրջակա միջավայրի նախարարությունների գրությունները փաստում են, որ Հատիս լեռան վրա կատարվող շինարարական աշխատանքներն իրականացվում են օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը շրջանցելով։
ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության վերաբերյալ իր տեսակետը ներկայացրել էր դեռևս հուլիսի 12-ին։ Գիտական ինստիտուտի ներկայացրած տեսակետը կարող ենք դիտարկել փորձաքննության բացասական գնահատական։
«Հատիս հրաբուխը, որի բարձրությունը ծովի մակարդակից 2529 մ է, Հայաստանի տարածքի չորրորդական հասակի 14 ռիոլիտային գմբեթաձև հրաբուխներից մեկն է։ Հատիս հրաբխի լանջերին առկա են հրաբխային ապակու (օբսիդիանի կամ վանակատի) բազմաթիվ ելքեր և լավային հոսքեր։ ՀՀ օրենսդրությամբ ցանկացած շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ են թույտվություն, մանրակրկիտ ինժեներաերկրաբանական հետազոտություններ, խոշոր և կարևոր կառույցների դեպքում՝ նաև հատուկ սեյսմիկ վտանգի գնահատում»,- ասվում է հայտարարության մեջ։
Ընդգծենք, որ այստեղ նաև ինժեներաերկրաբանական հետազոտություններ չեն արվում, սեյսմիկ անվտանգությունը չեն գնահատում։ Մինչդեռ, Քրիստոսի արձանի նախագծի անիմացիոն տարբերակը փաստում է, որ բազմաթիվ ենթակառուցվածքներով խոշոր զբոսաշրջային կառույց է լինելու և նախատեսված է մարդկանց մեծ քանակի հոսք ապահովելու համար։
Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Հատիս լեռը կառուցապատելու հարցին անդրադարձել է նաև զբոսաշրջային տեսանկյունից։ «Հատիս լեռը բազմաթիվ արշավախմբերի համար սիրված և տարբեր զբոսաշրջային երթուղիներում ներառված վայրերից է։ Նման զբոսաշրջությունը, որը հաշվի է առնում լեռան բնապատմական միջավայրն անխաթար պահելու պայմանը, այսօր առավել նախընտրելի և զբոսաշրջության առավել զարգացած տեսակներից է։ Այն ոչ միայն էկոտուրիզմի մեջ տեղավորվող տեսակներից է, այլև սոցիալական արդարության՝ լեռան հասանելիությունն ու հավասար մատչելիությունն ապահովող մոտեցումներից։ Չկա որևէ հիմնավորում, թե ինչու պետք է փոխել զբոսաշրջիկների տեսակն ու սոցիալական կազմը՝ ժամանցային ծառայություններից օգտվող զբոսաշրջիկով»,- ասվում էր հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը