Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ-ի կազմակերպած քննարկման ընթացքում անդրադարձավ այն հարցին, թե ինչպես է Փաշինյանի իշխանությունը քանդել բանակը․
«Նախ քաոս ու անորոշություն ստեղծելով բոլոր համակարգերում, այդ թվում և պաշտպանության նախարարությունում և բանակում՝ պետական համակարգերը կաթվածահար անելով թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Պարզունակ պատկերացում է, որ պատերազմը միայն բանակների բախում է, իրականում պատերազմը պետական համակարգերի բախում է, դա ազգերի բախում է։ Դուք կարող է շատ խիզախ զինվորներ ունենաս, բայց եթե պետական համակարգը վատն է, ու այդ զինվորին անհրաժեշտ սպառազինությունը չեն հասցնում կամ անհրաժեշտ դիվանագիտական աջակցությունը չկա և այլն, անգամ շատ լավ զինված ուժեր ունեցող պետությունը չի կարող հաղթել նորմալ պետություն ունեցող հակառակորդին»,- ասաց Վրթանեսյանը՝ պարզաբանելով, թե ինչպես էին անորոշություն և քաոս ստեղծում․
«Առաջին՝ «կադրային հավալա»․ անընդհատ մարդկանց էին փոխում տեղերում, մարդիկ դեռ չէին հասցնում իրենց գործը իրեց տեղում սովորել, աշխատել, մի հատ ինչ-որ նոր մեկին էին բերում։ Հիշում ենք, թե հեղաշրջումից հետո առաջին օրերին ինչ համատարած ուրախություն էր, երբ ինչ-որ 18-20 տարեկան ինչ-որ մեկին բերում, նշանակում էին խորհրդականի կամ ինչ-որ շատ կարևոր մեկի օգնականի պաշտոնում, այսինքն՝ 20-21 տարեկանը պետական բարձրաստիճան պաշտոնյաներին պիտի ինչ-որ խորհուրդներ տար։ Թիրախային հարվածներ հրամանատարներին, գեներալներին։ Քրեական գործերի այս անվերջ շարանները, հարցաքննությունները, կասկածները, լրատվամիջոցներում և իրենց այդ ֆեյքային մեդիայով անընդհատ հարձակումները, վարկաբեկումները և այլն։ Կառուցվածքային փոփոխություններ՝ շատ հաճախ անհասկանալի և ի վնաս համակարգին։ Սպառազինման պլանների կամայական փոփոխություններ, այսինքն՝ կային պլաններ, ինչ-որ բաներ էին կառուցվում, կային ծրագրեր, որոնք իրականացվում էին։ Այդ ամենը կանգնացվում էր, չեղարկվում էր, հետո ինչ-որ օդից վերցված պատկերացումներով գնումներ էին սկսում ։ Մարտական պատրաստության տապալում։ Ըստ էութայն նորմալ զորավարժություն Փաշինյանի օրոք չի արվել, խոսքը լայնածավալ զորավարժությունների մասին է։ Ամենակարևորներից մեկը․ հանրությանը պառակտել, իրար դեմ հանել, որովհետև հանրության մոբիլիզացիան ռազմական իրավիճակում շատ կարևոր է։ Հանրության գլխի տակ փափուկ բարձ էին դնում, ասում էին՝ տեսեք ինչ լավ է Փաշինյանը բանակը կառուցում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը