Սեպտեմբերի 20-ի երեկոյան Սյունիքի մարզի Սրաշեն բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների հետեւանքով հայկական կողմը մեկ վիրավոր ունի։ Տեղեկությունը News.am-ի հետ զրույցում հաստատել է Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ վիրավորը թեթեւ վնասվածքներ է ստացել։
Վիրավորում ստացածը Երկրապահ կամավորականների միությունից է։ Տեղեկությունը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է նաև ԵԿՄ–ի մամուլի պատասխանատու Լիլիա Պողոսյանը։
«Նա շարունակում է բուժում ստանալ, վիճակը գնահատվում է նորմալ»,- հայտնել է Պողոսյանը։
Նշենք, որ Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանն այսօր՝ սեպտեմբերի 21–ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սրաշենի ուղղությամբ կրակոցների հետեւանքներին, ասել է, որ «հակառակորդի կողմից կրակոցի հետեւանքով վիրավոր ունենալու դեպքում նախարարությունը հաղորդագրություն է տարածում»։
Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդել էր, որ սեպտեմբերի 20-ին, որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը