19 09 2022

Ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհված Արթուր Խաչատրյանը ապրիլյան եւ 44-օրյա պատերազմների մասնակից էր․ News.am

Ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհված Արթուր Խաչատրյանը ապրիլյան եւ 44-օրյա պատերազմների մասնակից էր․ News.am

News.am-ը գրում է․ Ադրբեջանական հարձակման հետեւանքով Ջերմուկի ուղղությամբ մղված մարտերում զոհվել է 41-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Խաչատրյանը:

Արթուր Խաչատրյանը 10 տարի Զինված ուժերում էր՝ որպես պայմանագրային զինծառայող: Նա մասնակցել էր ապրիլյան եւ 44-օրյա պատերազմներին:

Արթուրն ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս դուստր եւ մեկ որդի: Ապրում էր Արարատի մարզի Արեւաբույր գյուղում:

«Արթուրն ապրիլյան եւ 44-օրյա պատերազմների ժամանակ եղել է Քարվաճառում: Քարվաճառի հանձնումից հետո ծառայում էր Ջերմուկում: Արթուրը սեպտեմբերի 13-ի երեկոյան զանգահարել է կնոջ եղբորը եւ ասել՝ հնարավոր է՝ հետ չգամ, երեխեքիս լավ կնայես»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արթուրի բարեկամը, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակի:

Արթուր Խաչատրյանը զոհվել է սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերն ԱԹՍ-ի հարվածից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Վերջին տվյալով՝ զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ