13 09 2022

Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ. համայնքապետ

Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ. համայնքապետ

Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը գրում է. 

«Կեսգիշերին թշնամու հարձակումից անմիջապես հետո Ջերմուկում  ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք պատրաստակամություն են հայտնել`  միանալ դիրքերում կանգնած մեր զինվորներին: 

Ջերմուկը չենք լքել ոչ մի րոպե, և անհրաժեշտության դեպքում  բոլորս պատրաստ ենք  պայքարելու մեր հայրենիքի, մեր հող ու ջրի համար:

Կոչ եմ անում սեփական նախաձեռնությամբ դիրքեր չբարձրանալ, հետևել համայնքապետարանի և ՊՆ ցուցումներին»։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կա հաստատված 49 զոհ։ 

Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ