Արցախի Հանրապետության օրվա առթիվ Ստեփանակերտում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած հանրահավաքում ելույթ ունեցավ և օրհնության խոսք ասաց Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Նա մասնավորապես ասաց․ «Արդարությունը բարձրացնում է ազգին, բայց մեղքը ժողովուրդներ է կործանում. Աստվածաշնչից հետևյալ տողերն են գալիս մեր մտքին, երբ Արցախի անկախության վերարժեվորման հանմազգային այս համախմբման պահին մտորում ենք մեր երկրի անցյալի, ներկայի և ապագայի մասին: Անկախությունն աստվածային շնորհ է, որն ամենաառաջնային և կենսական պահանջն է ազգի ազատ, արժանապատիվ և ստեղծագործ կյանքով ապրելու համար: Կատարյալ աշխարհում իրավունքն է ուժի աղբյուրը, բայց, ցավոք, աշխարհը վաղուց է կորցրել իր կատարելությունը և այսօր ուժն է ծնում իրավունք: Ուստի մենք տիպված ենք ուժով պաաշտպանել մեր աստվածատուր իրավունքներն ու ազատության պարգևը։ Անկախության ճանապարհը մեզ համար դարձել է խաչի ճանապարհ, և մենք ազգովի դարձել ենք այդ խաչի կրողները։ Այդ ճանապարհից շեղվելու իրավունք չունենք։ Կարծես թե մենք համբերում ենք, կարծես թե մենք հավատում ենք, բայց, ավաղ, թերանում ենք մեր սրբության մեջ։ Ինչպես որ մեղքը պատճառ է դառնում մարդու կորստյան, նույնկերպ և լինում է այն ազգերի պարագայում, որոնց մեջ պակասում է Աստծո երկյուղը և զորանում է եսասիրությունը։ Աստվածային օրենքներից զուրկ երկրում ամեն մարդ ինքն է իր աստվածը, և աշխարհն իր շուրջ է պտտվում։ Ակամա ամենքը գործում են ամենքի դեմ, և այս ծածուկ պատերազմի հետևանքը լինում է այն, որ ազգը ջնջվում է երկրի երեսից կամ էլ գերի դառնում ուրիշ ազգերի։ Միաբանությունը ոչ մի ազգի չի կործանել, բայց երբ քաղաքացիների անձնասիրությունն ու սեփական շահն է սկսել գլուխ բարձրացնել, երկիրը երկու կողմերի բաժանել, մարդկանց իրար հակառակ դարձնել, ահա այդ ժամանակ է ազգի համար գերության շղթա հյուսվել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը