Ն․ Փաշինյանի իշխանությունն ասում է՝ մենք մեղավոր չենք, բանակցությունները վարել են Արցախի իշխանությունները, որոնք էլ կազմակերպել են հայկական բնակավայրերի հանձնման գործընթացը, այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը.
«Հազարավոր հայորդիների անդրդվելիության, խիզախության, աննկուն կամքի, կյանքի եւ առողջության գնով ազատագրված Բերձորը, Աղավնոն և Ներքին Սուսը Ն․ Փաշինյանի համաձայնությամբ հանձնվեցին Ադրբեջանին։ Օրերս էլ Ադրբեջանին հանձնվեց Բերձորի միջանցքը, որը յուրահատուկ հույսի կամուրջ էր դարձել, կարևոր գործոն Արցախում անվտանգ և խաղաղ կյանք վարելու համար։ Եվ Ն․Փաշինյանը պարտավոր է հստակ պարզաբանումներ ներկայացնել համայն հայությանը՝ այս ամոթալի համաձայնության կապակցությամբ։
Դեռ օգոստոսի 11-ին գրությամբ դիմել էի Ն․ Փաշինյանին՝ պահանջելով պարզաբանումներ, թե՝
Ստացե՞լ եք համապատասխան երաշխիքներ։ Եթե այո, ումի՞ց և ի՞նչ երաշխիքներ եք ստացել, եթե ոչ, ինչու՞։
Նիկոլ Փաշինյանի փոխարեն մեզ համար ճակատագրական այս հարցերին պատասխանել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը.
«Ի պատասխան վարչապետի աշխատակազմին ուղղված Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ նշյալ բնակավայրերից հայկական բնակչության տարհանումը պայմանավորված է Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության հետ՝ ի կատարումն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ պարբերության։
Հայտնում ենք նաև, որ խնդրո առարկայի վերաբերյալ իրավական նշանակություն ունեցող առկա բոլոր փաստաթղթերը հրապարակված են, իսկ գործընթացների կազմակերպման հետ կապված բանակցությունները վարվել են Արցախի իշխանությունների կողմից»:
Ոչ մի էական պատասխան՝ իմ կողմից բարձրացված կոնկրետ հարցերին: Ի՞նչ է ստացվում՝ Ն․ Փաշինյանի իշխանությունն ասում է՝ մենք մեղավոր չենք, բանակցությունները վարել են Արցախի իշխանությունները, հայկական բնակավայրերի հանձնման գործընթացն էլ կազմակերպել են Արցախի իշխանությունները: Ու սա այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությունում հստակ գրված է. «Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է»:
Փաստորեն, տարածքներ հանձնելով է Նիկոլ Փաշինյանը երաշխավորում Արցախի անվտանգությունը: Մինչդեռ 2019թ․ օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարում էր, թե Արցախը Հայաստան է եւ վերջ:
Հ. Գ. Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանում ժողովրդավարությունը հռչակել է թիվ մեկ բրենդ, Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների իրավունքներին, անվտանգությանը եւ մեր երկրի տարածքային ամբողջականությանը վերաբերող կարեւորագույն հարցերին խուսափում է պատասխանել՝ դրանք ուղղորդելով դեպի ԱԳՆ տիրույթ: Խորհրդարանական երկրում Կառավարության ղեկավարը խուսափում է հաշվետվողականությունից:
Ի դեպ, այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման օրն է, որը երբեք չի ջնջվելու մեր օրացույցի հերոսական օրերի շարքից, ինչքան էլ օրվա իշխանությունը ցանկանա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը