Ազգը կարող է ապրել, պահպանել իր տեսակը բացառապես մեկ պարագայում եթե ունի սեփական օրակարգը ծնված սեփական արժեհամակարգից: Օտար արժեքները, օրենքներն ու իրավական դաշտ բերված այս կամ այն ոլորտներում ներդրված կարգավորումներ եթե չեն բխում տվյալ ազգին բնորոշ դատողություններից, ավանդույթներից և պատկերացումներից, չեն կարող բռնի ուժով կիրառվել և դառնալ սովորական երևույթ: Որքան էլ արևմտյան կամ արևելյան որոշ աշխարհաքաղաքական կենտրոններ վճարեն դրա համար, միևնույն է դա կոշիկի մեջ ընկած քարի նման տարբեր ժամանակներ խանգարելու է: Հայը եթե ունի ազգային գիտակցում, որտեղ էլ որ ծնված լինի, որտեղ էլ որ ապրի, չի կարող հավերժ գոյատևել: Մարդիկ կգան կգնան, բայց ազգը պետք է լինի հավերժ: Մեր՝ հայերիս, գերխնդիրն է լինել հավերժ և դրա համար չխնայել ոչինչ: Ազգը կապրի, եթե ցանկություններից բացի ունի հնարավորություններ: Որպես հնարավորություն մարդկությունը դեռևս չի ստեղծել ավելի կարևոր ինստիտուտ քան պետությունն է:
Պետության գոյությունը պարտադիր է ազգի հավերժության համար: Այս ճանապարհով ավելի հեշտ է գնալ, եթե կայացած են պետության ինստիտուտները: Չի կարող լինել անգրագետ, անհեռատես կարճաժամկետ խնդիրներ ձևակերպելու ունակ ազգ և ունենալ ուժեղ պետություն: Չի կարող լինել աղքատ հասարակություն և ունենալ հարուստ պետություն: Չի կարող լինել անվտանգության զգացում և ունենալ անվտանգության թուլացած համակարգով պետություն: Չի կարող լինել զարգացած պետություն և ունենալ բարեկեցիկ ապրող հասարակություն:
Մենք պետք է ունենանք կայացած ինստիտուտներով, հարուստ, անվտանգ և գրագետ ազգային գաղափարներով սնված հասարակությամբ զարգացած պետություն: Սա ունենալու համար պետք է նախ ձևակերպել նման անհրաժեշտությունը և դարձնել հայ ազգի սեփականությունը: Յուրաքանչյուրը պետք է դառնա դրա կրողը:
Կրթություն: Առաջին դասարանից մինչև ԲՈՒՀ-ի ավարտելը հայ երիտասարդը պետք է հստակ գիտակցի, որ նա համակարգի մաս է, պետք է զգա իր անհրաժեշտությունը, իրացվելու հնարավորությունը հանուն գեր նպատակի՝ հավերժության: Այս ոլորտում հնարավոր է դնել այնպիսի կարգավորումներ, համաձայն որի 10-15 տարի հետո հասարակության ավելի քանի կեսը կարող են դառնալ գաղափարի կրող: Անհրաժեշտ է բժիշկ, ուսուցիչ, տրակտորիստ, զոդող, գյուղատնտես, հանքափոր, նյութագետ, ֆիզիկոս, աստղագետ թե վարսավիր ուրեմն պետք է կրթել այն ուղղությամբ ինչ պետք է, ոչ թե ինչ մոդա է: Կրթական մոդան պետք է ծնվի պետության ներսում, ոչ թե ներմուծվի դրսից: Պետք է արբանյակ, ուրեմն պետք է կրթել այն ուղղությամբ, որ արբանյակի ստեղծման համար ունենանք բավարար ներուժ:
Անվտանգություն: Այս ոլորտը ամենօրյա բարելավման ու զարգացման հնարավորություն ունեցող ոլորտ է: Եթե կրթության պարագայում կարող ենք սպասել մինչև մեկ-երկու տարիքային խումբ ԲՈՒՀ-երում սովորի, ավարտի և ներգրավվի պրոցեսի մեջ՝ այդ թվում սովորածի փոխանցումը, ապա անվտանգության համակարգի բարելավման և նոր համակարգերի ստեղծման, ներդրման անհրաժեշտությունն այսօր կա և միշտ կլինի: Ռեսուրսների՝ գիտական, ֆինանսական, նյութական և ժամանակի, գնահատմամբ այսօր պետք է կարգավորել մեր անվտանգային համակարգը՝ մասնակից դարձնելով յուրաքանչյուրին: Իսկ առաջիկայում անհրաժեշտ է առաջանցիկ աճի խնդիր դնել, փոխել արմատապես ամեն ինչ և ներդնել միանգամից՝ ինքնաշխատ կառավարվող համակարգերից մինչև ռազմարդյունաբերական լուծումներ: Այստեղ կարևոր դեր ունի մեր ազգի համահայկական գիտական պոտենցիալը: Անվտանգության բարձրացման և համակարգման վրա որտեղ չպետք է փող խնայել: Անհրաժեշտ է գիտական փորձն ու ազգի գիտական ներուժը մեկտեղել և պետական պատվերներ իջեցնել: Պայմանական ասած. առաջարկվել է տասը նախագիծ, ապա պետք է ֆինանսավորել բոլորը և ըմբռնումով մոտենալ եթե միայն երկու նախագիծն է ավարտվել ըստ նախնական հաշվարկի և արդյունավետության: Ամեն տարի տասը նախագիծ ֆինանսավորելով և հաջողելով երկուսում, հինգ տարի անց կունենանք նվազագույնը տասը հաջողված և արդեն գործադրված ուղղություն: Անվտանգության ոլորտը նաև կոնֆիդեցիալ ոլորտ է, հետևաբար շատ մտքեր կոնկրետացված պետք չի նշել: Միտքը, այսօր կարող է թվալ թերի, անտեղի և անիմաստ, իսկ վաղը արդիական և ռազմարդունաբերության ոլորտի լոկոմոտիվը: Ասել է, թե ոչ մի գաղափար չպետք է անհետանա ժամանակի մեջ:
Սոցիալ-տնտեսական ոլորտ: Այստեղ շատ ասելիք չկա, պատիվ եմ ունեցել աշխատելու «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնախնդիրներ»-ի ստեղծման աշխատանքային թիմում, որն ըստ էության առաջարկում էր սոցիալական պետության կարևոր հենասյուններ՝ սոցիալական արդարություն, սոցիալական պատասխանատվություն և սոցիալական համագործակցություն: Տնտեսության մոդելի հիմնական սկզբունքներն են՝ առաջանցիկ տնտեսական աճը, ներառականությունն ու արդարությունը և կայուն զարգացումը: Այս գաղափարների կիրառմամբ է հնարավոր ունենալ զարգացած պետություն, որը չունի դեպի ծով ելք, գտնվում է աշխարհագրորեն և ռելեֆային այնպիսի վայրում, որտեղ առողջապահությունից մինչև գյուղատնտեսության ոլորտ, կրթությունից մինչև բանկային ոլորտ, հարկային, մաքսային, դրամավարկային, բյուջետային, կապ, տրանսպորտ և առհասարակ մարդու շուրջ ընթացող պրոցեսների կարգավորման ընդգծված քաղաքականություն, որը պետք է իր հետ բերի սոցիալական պատասխանատվություն և արդարության զգացում: Անհրաժեշտ է պլանավորել հայ ազգի կյանքը և այդ պլանավորմանը պետք է մասնակցեն բոլորը անկախ նրանից ապրում է ՀՀ-ում, Արցախում, թե Սփյուռքում:
Կարելի է խոսել գյուղական բնակավայրերի զարգացման նրբություններից, դրանց գտնվելու վայրերից, դաշտավայր են, թե լեռնային, կարելի է համապատասխանեցնել, պլանավորել, օգնել, օժանդակել, միջոցներ ներդնել ավել արդյունքի ստեղծման, պարենային անվտանգության բարձրացման համար: Շատ կարևոր է ապրել ամբողջ պետության տարածքում, զարգացնել համաչափ, իսկ գյուղատնտեսական գործունեությունը պետք է դառնա լավ ապրելու, ինչու չէ հարստանալու ուղղություն: Առավոտից մինչև երեկո հողի հետ կռիվ տվող, բերք ու բարիք ստեղծող մարդը պետք է լավ ապրի: Այս ոլորտը առավել քան ուշադրության կարիք ունի, որը կարծում եմ մեկ առանձին հոդվածով կներկայացնեմ: Կարելի է խոսել քաղաքային բնակավայրերի, դրանց խնդիրների, քաղաքաշինական նորմերի, տրանսպորտային համակարգերի, իրար կապող հանգույցների, որակի ու տարբերակաված գնի մասին: Երկրով մեկ թափված աղբի՝ աղբանոցը աղբավայրի վերածման, ընդերքի շահագործման կամ չարաշահման մասին:
Ցանկացած ոլորտի կայացում, կարգավորում, համակարգի ներդրում պետք է դիտարկել բացառապես մեկ տեսանկյունից՝ հավերժական հայրենիքի տեսնակյունից:
Արմեն Գրիգորյան
ՀՅԴ անդամ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը