168.am-ը գրում է․
Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել՝ օգտագործելով մարդկանց ամենաստորին բնազդները՝ ատելությունը, թշնամանքը, նախանձը։ Տարիներ շարունակ գեներացվող այդ բնազդների գագաթնակետը դարձավ 2018-ը, երբ քաղաքացիները պարպեցին ատելությունն ու թշնամանքը՝ ինքնանպատակ մերժման միջոցով։ 2018 թվականի իրադարձությունների հիմքում անթույլատրելի չափաբաժնով բացասական էներգետիկա էր ընկած, որը հետագա չորս տարիներին սուբլիմացվելով ամենատարբեր դրսևորումներով, հանգեցրեց այն աղետալի վիճակին, որում այսօր գտնվում է Հայաստանը։
Նիկոլ Փաշինյանին, բնականաբար, Հայաստանի ներկայիս իրավիճակը չի հուզում։ Նրա գերնպատակն իշխանության պահպանումն է բոլոր կարելի և անկարելի միջոցներով։ Իսկ դա նշանակում է, որ մեթոդի առումով Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է նախադեպային սկզբունքով՝ այն, ինչ հաջողության է բերել չորս տարի առաջ՝ օգնելով հասնել իշխանության, կարող է արդյունավետ լինել նաև այսօր՝ արդեն խարխլվող իշխանությունը պահպանելու առումով։ Հետևաբար՝ նա կրկին խաղադրույք է կատարում մարդկանց ստորին բնազդների վրա։ Բայց քանի որ ատելությունն ու թշնամանքն օգտագործել է թուլատրելիից ավելի մեծ չափաբաժիններով, հիմա դրանք այլևս արդյունավետ չեն։ «Նախկինների հանդեպ ատելությունը», «թալանչիների ունեցածը խլելու խոստումները» և մնացած կաղապարային միջոցներն այլևս չեն աշխատում։
Խնդիրն այն է, որ ստորին բնույթի բնազդներն ունեն առավելապես ենթագիտակցական բնույթ, դրանց ակտիվացումը մարդկանց մոտ բթացնում է դատողականությունը, մտածելու, վերլուծելու, ռացիոնալ հետևություններ կատարելու կարողությունը։ Բայց հոգեբանական այդ մեխանիզմի առանձնահատկությունն այն է, որ այն չի կարող գործել անվերջ ու անդադար։ Մարդիկ ինչ-որ պահի դադարում են գտնվել ենթագիտակցության ազդեցության տակ և սկսում են մտածել։ Հատկապես, որ իշխանությունն անցած չորս տարիներին իր գործունեությամբ անցել է բոլոր սահմանները. թալանը վերադարձնելու փոխարեն՝ ինքն է դարձել թալանի հեղինակ, օլիգարխիան վերացնելու փոխարեն՝ ստեղծել է սեփական օլիգարխներին, արդարություն հաստատելու փոխարեն՝ կառուցել է իր պատժիչ համակարգը, և այդպես շարունակ։ Այսինքն՝ իր իշխանության շրջանում Նիկոլ Փաշինյանը չի արել ոչինչ, որ պայմանականորեն կարդարացնեին մարդկանց ստորին բնազդների՝ ատելության, թշնամանքի վրա կառուցված քաղաքականությունը։
Եվ մարդիկ սկսել են մտածել։Իսկ դա՝ հասարակության գիտակցությունը, Նիկոլ Փաշինյանի ամենամեծ թշնամին է։ Հետևաբար՝ նա ձեռնամուխ է եղել հասարակությանը կրկին իռացիոնալ հարթություն վերադարձնելու, մարդկանց այնպիսի բնազդներն ակտիվացնելու գործին, որոնք արդեն նոր ալիքով կբթացնեն գիտակցությունն ու բանականությունը։ Իսկ այդ հարցում ամեամեծ ազդեցությունը կարող է ունենալ վախը, որին էլ հիմա դիմում է Նիկոլ Փաշինյանը։
Նախ, 44-օրյա աղետալի պատերազմից հետո նա բոլոր հնարավոր միջոցներով հանրությանը ներարկել է վախը արտաքին թշնամուց, որն իրականում գոյություն ունի։ Բայց Նիկոլ Փաշինյանը հասարակությանն այդ վախով համակել է ոչ թե երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու, զինված ուժերը ավելի հզորացնելու, այլ ճիշտ հակառակը՝ մշտական վախեցածի, խեղճի, նվաստացածի հոգեվիճակ ստեղծելու նպատակով։ Ըստ ամենայնի, վախի միայն արտաքին դրսևորումը, սակայն, բավարար չէ հասարակությանը մտածելուց զրկելու, իռացիոնալ դարձնելու համար։
Եվ ահա, Նիկոլ Փաշինյանը սկսել է գեներացնել նաև վախի ներքին տարատեսակը։ Վերջին ամիսներին Հայաստանը դարձել է իրական և վիրտուալ ահաբեկիչների թատերաբեմ, ամեն օր տարբեր օբյեկտներում ռումբերի տեղադրման մասին ահազանգեր են հնչում, տարհանումը մարդկանց համար դարձել է սովորական երևույթ։ Պատկան մարմինները, սակայն, զբաղված են միայն այդ ահազանգերը տիրաժավորելով, ամիսներ շարունակ հնչած տասնյակ ահազանգերի պայմաններում հայտնաբերվել են դրանց եզակի հեղինակներ։ Այն դեպքում, երբ իրավապահ մարմիններն անձնազոհաբար գտնում ու պատժում են հեռախոսազանգով Նիկոլ Փաշինյանին հայհոյող քաղաքացիներին։ Այս համատեքստում ամենևին պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում գուժում է կարուսելներում սպասվող աղետի մասին։ Աղետ կարող է չլինել, բայց դրա պատճառով քաղաքացիների շրջանում վախի զգացումը հաստատ ավելանալու է։
Նիկոլ Փաշինյանը, իսկ գուցե նրա իշխանության պահպանմամբ շահագրգիռ մոդերատորները խնդիր ունեն հայ հասարակության գիտակցության հետ։ Նրա կամ նրանց համար ամենավտանգավորն այդ գիտակցության արթնացումն է, որը անասելի կարճ ժամանակում կարող է հանգեցնել իշխանության կորստի։ Հետևաբար՝ հիմա ամեն ինչ արվում է հանրային գիտակցությունը կրկին ստորին բնազդներին հնազանդեցնելու, հասարակությանը վախի մշտական զգացմամբ համակելու համար։
Վախը, սակայն, որքան էլ իռացիոնալ, այդուհանդերձ, զգացում է, որը, ինչպես անհատի, այնպես էլ հասարակության պարագայում կարող է հանգեցնել ուժերի գերլարման և ի հայտ բերել այնպիսի հատկանիշներ, որոնք այլ՝ սովորական պայմաններում չեն արտահայտվում։ Դա կարող է տեղի է ունենալ ցանկացած, անգամ աննշան թվացող կայծի բռնկումից։
Հարություն Ավետիսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը