«Փաստինֆո»-ն գրում է.
Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսի տարհանված բնակիչներից շատերն այլեւս չեն ուզում վերաբնակվել Արցախում։ Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, առայժմ հստակ թիվ չկա, թե քանիսն են վերաբնակվելու Հայաստանի հանրապետությունում, քանիսը՝ Արցախում, ցուցակները ճշտվում են, բայց բնակիչների գերակշիռ մասը ցանկություն է հայտնել վերաբնակվել Հայաստանում։
«Այս պահի դրությամբ տարհանվելիք բնակչության մոտ 25-30 տոկոսն է ցանկություն հայտնել վերաբնակվել Արցախի այլ բնակավայրերում։ Մեծ մասը ցանկանում է Հայաստան տեղափոխվել, բայց հստակ թվեր դեռ չենք կարող ասել, քանի որ ցուցակների կազմումը դեռ ընթացքի մեջ է։ Համայնքների ղեկավարներն ու վարչակազմի ղեկավարն այդ հարցով են զբաղված»,-«Փաստինֆո»-ին հայտնեց Արցախի ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար Վիկտորիա Պետրոսյանը։
Նրա տեղեկություններով՝ օգոստոսի 25-ին թշնամուն հանձնվելիք բնակավայրերից ոչ մեկը դեռ դուրս չի եկել․ մարդիկ առայժմ անձնական իրերն են տեղափոխում։ Այդ աշխատանքներում Աղավնոյի, Բերձորի և Ներքի Սուսի բնակիչներին օգնում է նաև Կարմիր խաչը։ Արցախի ՏԿԵ նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Ներքին Սուսի բնակիչներին սեփականությունը տեղափոխելու հարցում ևս Կարմիր խաչը կաջակցի։ Նշենք, որ նախքան պատերազմը շուրջ 190 բնակիչ ունեցող գյուղում պատերազմից հետո շատ քիչ մարդ էր մնացել։ Մեզ հետ զրույցում գյուղապետ Մխիթար Ներսիսյանը նշել էր, որ բնակիչների՝ գյուղ չվերադառնալու հիմնական պատճառը Ներքին Սուսը, վաղ թե ուշ, թշնամուն հանձնելու մասին խոսակցություններն են եղել։
Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Ներքին Սուսում ներկա դրությամբ առնվազն մեկ ընտանիք ապրում է։ Ոչ մշտական, բայց փաստացի ևս մի քանի հոգի աշխատանքի բերումով այնտեղ են ապրում, որոնց իրերի տեղափոխումը ևս Կարմիր խաչն է կազմակերպելու։
Ներքին Սուսի այն բնակիչներին, ովքեր պատեազմից հետո չէին վերադարձել գյուղ, ՀՀ-ում հաստատվելու դեպքում սերտիֆիկատ, իսկ Արցախում վերաբնակվելու դեպքում՝ բնակարան կտրամադրվի, թե ոչ, նախարարությունից դժվարացան պատասխանել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը