11 08 2022

2020-ից ի վեր 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. Կարմիր Խաչ

2020-ից ի վեր 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. Կարմիր Խաչ

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հիմնական գործունեությունը 2022թ. հունվարից հունիս Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) չեզոք, անկողմնակալ ու անկախ կազմակերպություն է, որը մարդասիրական պաշտպանություն և աջակցություն է տրամադրում զինված հակամարտությունից և բռնության այլ իրավիճակներից տուժած անձանց:

2022 թվականին լրանում է ԿԽՄԿ-ի՝ տարածաշրջանում ներկայության 30-ամյակը: 1992 թ.-ից ի վեր ԿԽՄԿ-ն մարդասիրական գործունեություն է ծավալում տարածաշրջանում Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ: Երևանում և Բաքվում իր պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում իր առաքելության միջոցով ԿԽՄԿ-ն աջակցում է հակամարտությունից տուժած անձանց, բարձրացնում միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) վերաբերյալ իրազեկման մակարդակը և առաջխաղացնում դրա կիրարկումը՝ գործելով որպես չեզոք միջնորդ հակամարտության կողմերի միջև:

Երևանում մեր պատվիրակության և Իջևանում ու Գորիսում ենթապատվիրակությունների միջոցով շարունակական աջակցություն ենք ցուցաբերում Ղարաբաղյան հակամարտության 2020 թ.-ի աշնան սրացման հետևանքով տուժած անձանց: Շարունակում ենք իրագործել սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդման ծրագրերը, ինչպես նաև սերտորեն համագործակցել Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) հետ՝ հակամարտության սրացումից տուժած քաղաքացիական բնակչության աջակցության իրենց ծրագրերի շրջանակներում:

Շարունակում ենք նաև զանգեր և այցեր ստանալ հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներից, ինչի արդյունքում հարյուրավոր որոնման հայտեր ենք գրանցել անհայտ կորած քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ:

Բացի այդ, աճյունների նույնականացման գործընթացի ժամանակ տրամադրել ենք տեխնիկական և նյութական, այդ թվում՝ դատաբժշկական փորձագիտական աջակցություն, որպեսզի աճյունները հնարավորինս շուտ փոխանցվեն ընտանիքներին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ