27 07 2022

Ավանցիներն ընդվզում են. Ավանում պղնձաձուլարանի ստեղծման լսումներ են նշանակված

Ավանցիներն ընդվզում են. Ավանում պղնձաձուլարանի ստեղծման լսումներ են նշանակված

Ավանում՝ բուսաբանական այգու քթի տակ, բնակելի շենքերի արանքում պղնձաձուլարան կկառուցվի: Կառավարությունում, ասում են, «դաբրոն» ստացվել է: Դեռ անցած տարվանից սկիզբ առած Ավանի բնակիչների ընդզվումների դեմ գործարարը ներքին կարգով լուծումներ է գտել: Ըստ աղբյուրի` վաղը՝ հուլիսի 28-ին ժամը 11:00-ին Ավանի թաղապետարանի լսումներին անհայտ գործարարը գալու է նոր ու իր դիրքերը բարելավված թղթերի տրցակով:

Հիմա ամենաուշագրավը՝ այդ փաստաթղթերում, ասում են, ամենածանրակշիռ փաստարկը 100 բնակիչների ստորագրությամբ գրավոր համաձայնությունն է լինելու՝ բիզնեսի ստեղծման համար: Դրանցով գործարարն ապացուցելու է, որ իբր մարդիկ դեմ չեն Ավանի օդն աղտոտելու իր բիզնես-պլանին: Ռիսկեր չկան, դեռ մի բան էլ՝ գոհ ու շնորհակալ են, որ աշխատատեղեր են ստեղծվելու:

Թե ինչ ճանապարհով է գործարարը այդ գրավոր համաձայնությունները կորզել՝ մնում է տրամաբանել: Պղնձաձուլարանի մասին առաջինը Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչներն աղմուկ հանեցին, գործարարի գաղտնի մտադրությունների մասի տեղեկացել ու ընդվզել էին՝ Ավանի թաղապետարանում ծածուկ կազմակերպած ֆորմալ լսումների ժամանակ:

Իսկ այս ընթացքում՝ 1 տարի անց ինֆորմացիոն սովի պայմաններում 100 տարեց բնակչի գտնել-համոզելը կամ անգործ ավանցիներին հետագայում նույն ձուլարանում աշխատանքի տեղավորելու հավանական գործարքը բնավ էլ բարդ չէր լինի՝ միջին վիճակագրական «շուստրի գործարարի համար»:

Հիշեցնենք և ընդգծենք՝ առկա է Երևանի քաղաքապետարանի 2021 թ անանը տրված բացասական եզրակացությունը ՝ Ավանում պղնձաձուլանարն հիմնելու նախագծի վերաբերյալ և շատ հիմնավոր կերպով այն տապալվեց Հայկ Մարությանի պաշտոնավարման օրոք: 

Բայց նրա հեռանալուց հետո գործարարն ինչպես երևում է ձեռքերը ծալած չի նստել: Նա կարողացել է ժամանակ շահել ու Կառավարությունում Հայկ Մարությանի հրաժարականից հետո ձեռքեր սեղմել, որպեսզի Ավանում իր ուզած տեղը պղնձաձուլարանն այդուհանդերձ  հիմնի: 

Վաղը հերթական լսումն են նշանակված, Ավանի բնակիչները մտադիր են վաղվանից արշավներ սկսել՝ գործարարի դեմ: Yerevan.Today-ին հայտնեցին մի քանի նախաձեռնությունների մասին՝ այդ թվում այսօր Ծարավ Աղբյուր թաղամասում բաց քննարկումների, ակցիաների և այլ միջոցառումների ֆորմատով:

Հիշեցնենք, որ նույն «Քոփփեռ» ՍՊԸ-ն  վերջին մեկ-երկու տարում Ավանում երկաթ, պղինձ, ալյումին և մետաղյա այլ ջարդոնների ընդունման կետ էր բացել, հիմա էլ նախատեսվում է դրանց ձուլարանն ստեղծել:

Ընտրված վայրը՝ Ավան,Աճառյան 2 հասցե, հայտ ներկայացրած ընկեության անվանումը «Քոփփեռ» ՍՊԸ: Գործարարի անձը գաղտնի է պահվում, քաղաքապետարանից կցկտուր ակնարկներ են անում, թե պրոիշխանական մեկն է, բայց անունը չեն հայտնում: Փաստացի Ավանի օդն աղտոտելու մտադրության տերը պետռեգիստրում  որպես կազմակերպություն՝ գրանցվել է 2018 հեղափոխությունից հետո, ու հիմա սույն «Քոփփեռ» անկենսագիր ընկերության համար հենց Երևանի սրտում մետաղ ձուլելու հնարաավորություն և Ավանի օդն արտանետումներով հարամելու իրավունքներ կտրվեն, քանի որ հետևողական չեղան ավանցիները, իսկ Երևանի քաղաքային իշխանության ու կառավարության առճակատումն ավարտվեց Հայկ Մարությանի հրաժարականով:

Սյուզի Բադոյան

 

 

 

 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ