23 07 2022

Ապրիլ-հունիս ամիսներին դիտարկված խաղաղ հավաքների ընթացքում աննախադեպ են եղել ոստիկանության միջամտությունները

Ապրիլ-հունիս ամիսներին դիտարկված խաղաղ հավաքների ընթացքում աննախադեպ են եղել ոստիկանության միջամտությունները

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակում է խաղաղ հավաքների մշտադիտարկումը Հայաստանի Հանրապետությունում։

Սույն զեկույցում ամփոփված են 2022 թ․ ապրիլ-հունիս ամիսներին տեղի ունեցած հավաքների մշտադիտարկման ընդհանուր արդյունքները։

Հաշվետու ժամանակահատվածը առանձնահատուկ էր անցկացված հավաքների քանակով եւ խտությամբ, որոնց ճնշող մեծամասնությունը կազմակերպվել էին խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների, նախաձեռնությունների եւ նրանց աջակիցների կողմից։


Ընդդիմության գրեթե բոլոր դերակատարների կողմից բարձրացված օրակարգում Արցախյան հարցն էր եւ դրա վերաբերյալ քաղաքական նոր զարգացումները՝ 2020 թ. պատերազմից հետո ստեղծված իրավիճակի համատեքստում։ 2022 թ.-ին նման զարգացումներից էին Ադրբեջանի կողմից մարտ ամսին Արցախի գազամատակարարման անջատումները՝ եղանակային վատ պայմաններին զուգահեռ4, Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի գրավումը5։ Ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի նախատեսված բանակցություններին ընդառաջ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախորդ օրը հանրահավաք կազմակերպեցին Ազատության հրապարակում։ Ընդդիմությունը մի շարք պահանջներ էր ներկայացրել իշխանություններին՝ բացառել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, չիրականացնել սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները սպառնալիքի տակ, ինչպես նաեւ բացառել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին խոչընդոտող որեւէ պայմանավորվածություն Թուրքիայի հետ6։ Հանրահավաքի վերջում մասնակիցները տեղափոխվեցին հարակից Ֆրանսիայի հրապարակ՝ որտեղ տեղադրեցին Արցախի դրոշը։

Ապրիլ-հունիս ամիսներին դիտարկված խաղաղ հավաքների ընթացքում աննախադեպ են եղել ոստիկանության միջամտությունները։ Դիտարկվել են հավաքների վայրում գտնվող լրատվամիջոցների աշխատակիցների գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաեւ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների ազատությունը սահմանափակելու եւ բերման ենթարկելու, նրանց նկատմամբ բռնություն կիրառելու դեպքեր։ Հավաքի վայրերից բերման են ենթարկվել ոչ միայն փողոցի երթեւեկելի հատվածում գտնվող, այլեւ մայթերին կանգնած մասնակիցները։ Քաղաքացիական անհնազանդության մասնակիցներին բերման ենթարկելու ընթացքում ոստիկանության, հատկապես՝ ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի եւ ոստիկանության զորքերի ծառայողները հաճախ կիրառել են անհամաչափ ուժ եւ բռնություններ։ Բազմաթիվ հավաքի մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ, որոշ դեպքերում տեղափոխվել բժշկական հաստատություններ։ Ոստիկանության բռնությունների գագաթնակետը եղել է հունիսի 3-ին Դեմիրճյան- Պարոնյան փողոցների խաչմերուկին անցկացված հավաքի ընթացքում։ Ոստիկանության ծառայողները բացահայտ կերպով, տեսախցիկների առջեւ ծեծի են ենթարկել առնվազն 8 ցուցարարի։ Արձանագրվել են հավաքների վայրերից անձանց 2000-ից ավելի բերման ենթարկելու դեպքեր։ Հավաքների մի քանի տասնյակ մասնակիցներ ձերբակալվել եւ կալանավորվել են։

Շարունակությունը՝ զեկույցում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ