«Հետք»-ը գրում է․ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը կնոջ հետ համատեղ տուն է գնել Ամերիկայի Միացյալ նահանգների Մերիսվիլ քաղաքում: Պաշտոնյայի հայտարարագրի համաձայն՝ գործարքը կայացել է 2021թ.-ի մայիսին, իսկ անշարժ գույքի արժեքը կազմել է 584 հազար 950 ԱՄՆ դոլար:
Բագրատ Բադալյանի եկամուտներն ավելացել են հատկապես պետական պաշտոններ զբաղեցնելու տարիներին: Մասնավորապես, նրան է պատկանում «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88.13%-ը: Այս ընկերությունն ակտիվ մասնակցություն ունի պետական գնումներում՝ հատկապես ճանապարհաշինության ոլորտում:
Բարձր պաշտոններում Բագրատ Բադալյանի կարիերան սկսվել է 2018թ.-ի իշխանափոխությունից հետո: 2018թ.-ի հունիսին նշանակվել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, իսկ մեկ տարի անց՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ: 2020թ. փետրվարին նշանակվել է այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, ամիսներ անց՝ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար:
Բագրատ Բադալյանը 2021թ. օգոստոսին նշանակվել է ՊԵԿ նախագահի խորհրդական, իսկ երկու ամիս անց՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Պետական պաշտոնյան «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ում բաժնեմասը ձեռք է բերել 2020թ.-ի ապրիլի 16-ին: Այսինքն՝ այն ժամանակ, երբ զբաղեցնում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնը:
Բագրատ Բադալյանի հայրը՝ Սամվել Բադալյանը, ըստ պետռեգիստրի տվյալների, «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ում տնօրենի պաշտոն է զբաղեցրել 2003-2020թթ. ապրիլի 6-ը: Այդ ժամանակահատվածում, որոշ ընդհատումներով, ՍՊԸ-ի փոխտնօրենը եղել է որդին՝ Բագրատ Բադալյանը: Վերջինս փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2007-2010թթ. և 2015-2018թթ.՝ մինչև փոխնախարար նշանակվելը:
Բագրատ Բադալյանին է պատկանում նաև «Դոռզնակ» ՍՊԸ-ն, որը գործունեություն է ծավալում շինարարական ոլորտում:
«Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն՝ պետական գնումներում
Ֆինանսների նախարարության գնումների միասնական կայքէջում՝ armeps.am-ում հրապարակված տվյալների համաձայն՝ 2020թ. ապրիլի 16-ից մինչև նույն տարվա դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման, հեղինակային հսկողության և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման հինգ պայմանագիր է կնքել: Պայմանագրերից չորսը կնքվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, իսկ մեկը՝ Վայքի համայնքապետարանի հետ: Նշված հինգ պայմանագրի ընդհանուր գինը կազմել է մոտ 253 մլն 765 հզր դրամ:
2021թ.-ի ընթացքում «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի մասնակցությամբ կնքվել է պետական գնման 25 պայմանագիր, որից 23-ը կնքվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մեկը՝ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի, մյուսը՝ Նոյեմբերյանի համայնքապետարանի միջև: 25 պայմանագրի ընդհանուր գինը մոտ 603 մլն 540 հազ. դրամ է:
2022թ.-ի հունվարի 1-ից մինչև նույն տարվա հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում կնքվել է 9 պայմանագիր. բոլորն էլ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ: Պայմանագրերի ընդհանուր գինը կազմել է մոտ 222 մլն 160 հազ. դրամ:
Փաստացի ստացվում է, որ Բագրատ Բադալյանի կողմից 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հզր դրամի պետական գնման պայմանագիր:
Համեմատության համար նշենք, որ մինչև ՍՊԸ-ում Բագրատ Բադալյանի բաժնետեր լինելը, 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. ապրիլի 15-ը, «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը մեկ պայմանագիր՝ 431 հազ. դրամ պայմանագրային գնով: Իսկ 2018-ին՝ 3 պայմանագիր՝ 11 մլն 949 հզր դրամ ընդհանուր գնով:
Բագրատ Բադալյանի ունեցվածքը
Լինելով բարձրաստիճան պաշտոնյա՝ Բագրատ Բադալյանը գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր է ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Ըստ այդ հայտարարագրի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի 2021թ. եկամուտները կազմել են մոտ 66 մլն 71 հազ. դրամ և 17 հազ. 50 դոլար: Եկամուտներից 52 մլն դրամը ստացել է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ից, որպես փոխառություն:
Որպես կանխիկ գումար Բ. Բադալյանը հայտարարագրել է 40 հազար դոլար, իսկ անկանխիկ գումարի չափը կազմել է 639 հազ. դրամ, 346 հազ. 762 ԱՄՆ դոլար և 15 հազ. 157 եվրո:
Բագրատ Բադալյանն ունի նաև բանկային ավանդներ՝ 300 հզր ԱՄՆ դոլար և 100 հզր եվրո:
Պաշտոնյան հայտարարագրել է ընդամենը երկու տրանսպորտային միջոց՝ 1982թ. արտադրության «Վազ» և «Գազ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք ստացել է որպես ժառանգություն:
Ունի 5 անշարժ գույք՝ 3 բնակելի տարածք, որից մեկը 2021թ.-ին ԱՄՆ-ում գնած տունն է և 2 միավոր հողատարածք՝ Ծաղկաձոր և Գառնի համայնքներում:
Ինչ վերաբերում է պաշտոնյայի ծախսերին, ապա Բագրատ Բադալյանը 2021թ. կատարել է 13 մլն 260 հազար դրամի խոշոր ծախս, որից 7 մլն դրամը հանգստի համար կատարված ծախսերն են, իսկ 6 մլն 260 հազ. դրամը ծախսել է անշարժ գույքի վերանորոգման նպատակով:
2020թ.-ի հայտարարագրի համաձայն՝ Բ. Բադալյանը 2020թ.-ին հորից ստացել է խոշոր չափով ժառանգություն՝ 231 մլն 526 հազ. դրամ, 503 հազ. 863 ԱՄՆ դոլար և 100 հազ. 155 եվրո: Իսկ «Ճաննախագիծ» ՍՊԸ-ից ստացած շահաբաժինը կազմել է 143 մլն 176 հազ. դրամ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը