16 07 2022

Բուհերին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել է 1433-ը․ 550 անվճար տեղ մնացել է թափուր

Բուհերին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել է 1433-ը․ 550 անվճար տեղ մնացել է թափուր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ:

Նիստին մասնակցել են ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բուհերի ռեկտորներ, նախարարության ու Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։

Հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության հիմնական փուլի արդյունքները:

Ընդունելության հիմնական փուլի արդյունքները ներկայացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը: Նա տեղեկացրել է, որ բուհերին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել է 1433-ը, իսկ 21761 վճարովի տեղերից՝ 6518-ը. 550 անվճար տեղ մնացել է թափուր:

Ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է արտոնություններ ունեցող դիմորդների ընդունելության ցուցակները՝ շուրջ 200 դիմորդ, ինչպես նաև Արցախի Հանրապետությանը հատկացված նպատակային տեղերի մրցույթի արդյունքները: Հանձնաժողովը հաստատել է նաև ՀՀ կառավարության որոշմամբ հատկացված պահուստային և թափուր տեղերի վերաբաշխման հարցը:

Նիստի ընթացքում նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է բուհերի ընդունելությանը և թափուր մնացած տեղերի հարցին` խնդրահարույց համարելով այն փաստը, որ անկախ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտություններից՝ անընդունելի է նվազագույն շեմի միավորով բուհ ընդունվելը:

«Չի կարելի ուղղակի ուսանողներ հավաքագրել` չկարևորելով նրանց ակադեմիական մակարդակը»,- շեշտել է նախարարը՝ բուհերին հորդորելով համապատասխան քայլեր ձեռնարկել՝ բարձրացնելու տվյալ մասնագիտությունների գրավչությունը:

Նախարարն անդրադարձել է նաև հեռակա ուսուցման կազմակերպման խնդրին՝ նշելով, որ համապատասխան նախագծով առաջարկվում է բուհերում հեռակա ընդունելությունն իրականացնել նույն՝ միասնական մոտեցմամբ, որը կիրառվում է առկա ուսուցման ընդունելության ժամանակ: Ըստ այդմ` սահմանվել է, որ հայտագրման, փաստաթղթերի ներկայացման, ընդունելության քննությունների և մրցույթի անցկացման գործառույթը փոխանցվում է ԳԹԿ-ին։

Նիստի ընթացքում քննարկվել են ընդունելության քննություններին առնչվող այլ հարցեր:

Հավելենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնն ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակի հուլիսի 18-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ