ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է.
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հանվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից (e-draft.am): Փաթեթը հանրային քննարկման էր ներկայացվել կարծիքների և արձագանքների հավաքագրման նպատակով:
Ինչպես Կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի հետագա ընթացքն ապահովվելու է ՀՀ Կենտրոնական բանկի և այլ շահագրգիռ մարմինների հետ համապարփակ քննարկումների արդյունքներով։
Կոմիտեն վերահաստատում է այդ մոտեցումը և քննարկումներից հետո բանկային գաղտնիքի հասանելիության հետ կապված նախագծերի վերջնական փաթեթը վերստին կներկայացվի հանրային քննարկման:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը