Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում նախատեսվող համակարգային բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ մասնավորապես, անդրադարձ է կատարվել կոմիտեի գործունեությանը, կառուցվածքին, բարձրակարգ մասնագետների ներգրավմանը, թռիչքային անվտանգության ապահովմանը, օդաչուների ու այլ կադրերի վերապատրաստմանը և այլ հարցերի: Քննարկվել են նաև ավիացիոն ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացված ու առաջիկայում նախատեսվող միջոցառումները:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարության ռազմավարական նպատակն է հայկական ավիացիան համապատասխանեցնել միջազգային լավագույն չափանիշներին: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները և դրանց արդյունքներով լրամշակել բարեփոխումների փաթեթը:
Հիշեցնենք, որ Տաթևիկ Ռևազյանի թերությունների պատճառով 2020 թվականի մարտի 6-ին Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունը խիստ բացասական գնահատականներով զեկույց է ուղարկել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին և արգելել հայկական երկու ավիափոխադրողների մուտքը դեպի ԵՄ օդային տարածք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը