12 07 2022

Մեքենան կանգնեցրի օգնության սպասող բերետավորին տուն տանեմ, պարզվեց ինձ բռնությամբ բերման ենթարկածներից մեկն էր. Հոխիկյան

Մեքենան կանգնեցրի օգնության սպասող բերետավորին տուն տանեմ, պարզվեց ինձ բռնությամբ բերման ենթարկածներից մեկն էր. Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

Երեկ ուշ երեկոյան՝ կեսգիշերից հետո, մեքենայով տուն եմ գնում, ճանապարհին տեսա կանգնած կարմիր բերետավորի համազգեստով մի ոստիկանի։ Ավտոստոպով հավանաբար ուզում էր տուն գնալ, իսկ գիշերվա ժամը 1-ին ոչ բոլորն են պատրաստակամ մարդկանց տեղափոխելու հարցում, հատկապես ահուսարսափ տարածող կարմիր բերետավոր ոստիկանի։ Բայց դե կյանքը վարունգի նման բան է։

Քանի որ հատուկ հարգանք ունեմ հայկական պետականության խորհրդանիշ յուրաքանչյուր համազգեստի նկատմամբ, կանգնեցրի մեքենան, ուրախացած մոտեցավ ոստիկանը, և ի՜նչ հրաշք՝ միանգամից ճանաչեցի։ 2022-ի ապրիլին ինձ բռնությամբ բերման ենթարկած ոստիկաններից մեկն էր։ Ենթադրում եմ, ինքն էլ ինձ անմիջապես ճանաչեց, քանի որ շփոթվեց։

Մի պահ մտածում էի թողնել այդպես փողոցում ու շարունակել ճանապարհս, բայց անմիջապես զայրույթին փոխարինելու եկավ մարդասիրությունը։ Առաջարկեցի նստել։ Նստեց՝ շնորհակալությամբ, բայց շփոթված։

Մի քանի րոպե լռությունից հետո հարցնում եմ․ «Երբևէ կմտածեի՞ք, որ Ձեզ էլ կարող են բերման ենթարկել»։

Լռում է։ Ես շարունակում եմ․ «Հասկանում եմ, որ ձեր ղեկավարների հանձնարարությունն եք անում, բայց գոնե կարող ե՞ք մարդավարի դա անել, չվիրավորել մարդկանց, չհայհոյել, չծեծել, թե՞ այդ համազգեստը կրում եք հենց անմարդկային արարքի համար»։

Գլուխը կախ նստած է, չի խոսում։ Սկսում եմ խղճի խայթ զգալ, բայց նույն պահին հիշում եմ, թե ինչպես էին ինձ կամ մյուսներին հրելով գցում մեքենան, վրաս գոռգոռում, սպառնում, նորից զայրույթը առաջին պլան է գալիս։ Հարցնում եմ․ «Ստացածդ աշխատավարձը, պարգևավճարներն ու համազգեստից եկող առավելությունները ավելի՞ն են քո արժանապատվությունից։ Պատկերացնում ե՞ս, եթե կարմիրբերետավոր չլինես, ու քո ընտանիքի անդամի նկատմամբ նույնպիսի հրեշավոր արարք գործեն կարմիր բերետավորները։ Լավ, գոնե հասկանում ե՞ս, որ դեպի կործանում է գլորվում մեր երկիրը, ու դու մասնակից ես այդ կործանարար գործին»։

Չի դիմանում, արձագանքում է, որի գրագիտությունը խմբագրված եմ ներկայացնում․ «Ախպեր, երանի չէ՞ր մի նորմալ աշխատավարձ ստանայինք էդքանի դիմաց»։

Ես ամեն ինչ լավ եմ հիշում, բայց հիշաչար չեմ։ Իջավ իր ուզած տեղում, շնորհակալություն հայտնեց, իսկ դուռը ծածկելիս ներողություն խնդրեց իմ նկատմամբ թույլ տված բռնի արարքների համար։

Արձագանքեցի, որ ներողություն թող իր երեխաներից խնդրի։

Հուսամ, հասկացավ, թե ինչ նկատի ունեմ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ