07 07 2022

Ծխախոտի արգելքը տարածվում է նաև բացօթյա սրճարանների վրա․ հայտարարություն

Ծխախոտի արգելքը տարածվում է նաև բացօթյա սրճարանների վրա․ հայտարարություն

2022 թվականի մարտի 15-ից ուժի մեջ մտած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը արգելվում է հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա օբյեկտներում (ճաշարաններ, սրճարաններ, բարեր և այլն): Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Մեր համաքաղաքացների ուշադրությունը հրավիրում ենք հատկապես այս հանգամանքին, քանի որ ամառային հանգստի շրջանով պայմանավորված՝ շատերը ժամանցի համար ընտրում են բացօթյա օբյեկտները և հաճախ մոռանում, որ ծխախոտային արտադրանքի և փոխարինիչների օգտագործման արգելքը տարածվում է նաև դրանց վրա:

Հիշեցնում ենք, որ օրենքի կիրարկումը շարունակվում է, նաև վարչական պատասխանատվություն է սահմանված վերոհիշյալ դրույթի խախտման համար, իսկ սույն բնույթի իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավասությունը վերապահված է ոստիկանությանը:

Մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և համոզված ենք, որ նրանք ոչ միայն ձեռնպահ կմնան օրենքի պահանջը խախտելուց, այլև կաջակցեն ոստիկանության ծառայողներին՝ հանրային առողջության պահպանմանն ուղղված գործում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ