28 06 2022

Ապարանի սպանությունից 8 օր անց իրավապահները գոնե 1 մեղավոր չեն հայտնաբերել. Միակ կալանավորված անձը հանձնվել էր կամովի

Ապարանի սպանությունից 8 օր անց իրավապահները գոնե 1 մեղավոր չեն հայտնաբերել. Միակ կալանավորված անձը հանձնվել էր կամովի

9 օր առաջ Ապարանում տեղի ունեցած 2 երիտասարդի սպանության և ևս 5-ին զենքով վիրավորելու գործով քննությունը կաղում է, գործն առաջ չի գնում: Քաղաքական կոնտեքստով այս աղմկահարույց միջադեպի արյան հետքերով իրավապահները մինչ օրս չեն հայտնաբերել գոնե մեկ կասկածյալ․ այս մասին Yerevan.Today-ին հայտնեցին ՔԿ լրատվական ծառայությունից:

Իսկ միակ կալանավորված անձը, ընդգծենք, սեփական կամքով է ներկայացել Աշտարակի ոստիկանություն՝ սպանության հաջորդ օրը՝ հունիսի 20-ին: Ի դեպ, միակ կալանավորված կասկածյալի անունը ՔԿ-ն համառորեն խուսափում է հրապարակել, սակայն  Yerevan.Today-ին հայտնի են դարձել նրա տվյալները՝ Հայկ Հովհաննիսյան, Երևանից․ նա Նիկոլ Փաշինյանի ակտիվ համակիրներից է: 32–ամյա Հայկը հասցրել է մի քանի դրվագով մամուլի էջերում հայտնվել, ընդդիմության վերջին հանրահավաքներից մեկի ժամանակ, ըստ հրապարակումների, ագրեսիվ վարքագծով միջադեպ էր հրահրել ու հեղափոխության սիմվոլ դարձած «Դուխով» երգով դարձել էր օրվա «հերոս»:

Նշենք, որ ՔՊ-ական երկու պաշտոնյաների հարազատների  անուններ են կապվում Ապարանի արյունալի միջադեպի հետ, միջադեպից տուժածների ընտանիքները հաստատել են այդ մասին հրապարակումները՝ նախորդ շաբաթ Ապարանում կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ: Ծեծի ենթարկվածներից մեկն էլ՝ Ռաֆայելը, անձամբ է լրագրողներին հայտնել ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբորը ծեծի ենթարկելու վայրում տեսնելու և նրա հետ իր  շփման մասին։ Նշենք, որ Ռաֆայելի ծեծը նույն Հայկի մասնակցությամբ է տեղի ունեցել սպանությունից ժամեր առաջ՝ Արագածոտնի փոխմարզպետին պատկանող գազալցակայանում՝ վերջինիս բարեկամի միջամտությամբ: Իսկ  սպանության միջադեպին նախորդած ծեծի ժամանակ դեպքի վայրում եղել է նաև ՔՊ-ական պատգամավորի եղբայրը՝ Գռզո Ասատրյանը, ով վերջերս է նշանակվել Ապարանի ՋՕԸ պետ:

Չի բացառվում, որ սպանությանը այս երկու ՔՊ-ական պաշտոնյաների ենթադրյալ փոխկապակցվածության պատճառով է քննությունն այսքան փակ ընթանում ու ակնհայտ ձգձգումներով: Նոր հնարավոր ձերբակալություններն ու բացահայտումները ուշանում են, պատգամավորն ինքն է երեկ տարակուսել ԱԺ-ում, որ 7 օր անցել է ու իր եղբայրը դեռևս չի կանչվել հարցաքննության. մյուսի՝ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբորորդու՝ Ռոմանի մասով ինֆորմացիան խիստ հակասական է հրապարակվում․ հայրը պնդում է, որ որդին դեռևս չի կանչվել հարցաքննության, պաշտոնյա հորեղբորորդի Փարվանյանն էլ առհասարակ ժխտում է Ռոմանի մասնակցությունն այս ողբերգական սպանությունների միջադեպին, չնայած կողմերին հանդիպման կանչողը, ըստ շրջանառվող լուրերի, հենց ինքն է եղել:

Ում և ինչու է փորձ արվում մաքրել այս արյունոտ միջադեպից, իսկապե՞ս փորձ է արվում կոծկել սպանության միջադեպը, այս հարցերին առայժմ սպանվածների հարազատները միասնականորեն են արձագանքում՝ այո, սպանված 28–ամյա Տիգրան Հարությունյանի և 27-ամյա ՊՆ սահմանապահ Համիկ Միքայելյանի հարազատները իրենց վարկածներն ունեն:

Նշենք, որ հունիսի 19-ին Նիգավանում հնչած կրակոցներից հետո անգիտակից վիճակում շարունակում է մնալ ԱԱԾ ծառայող Սամվելը, 19- ամյա Հրաչյան ևս հիվանդանոցում է դեռ՝ թոքի վնասվածքով ու չի բացառվում առաջիկա օրերին երկրորդ վիրահատական միջամտության կարիքը լինի, իսկ մյուս երեք տարբեր մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդները դուրս են գրվել հիվանդանոցից:

 Սյուզի Բադոյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ