23 06 2022

ԱՄՆ-ն 120 մլն դոլար կտա Հայաստանին՝ ժողովրդավար դառնալու համար

ԱՄՆ-ն 120 մլն դոլար կտա Հայաստանին՝ ժողովրդավար դառնալու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 23-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև (այսուհետ՝ ԱՄՆ ՄԶԳ) նախատեսվում է ստորագրել «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջևզարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը»:

Զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության  ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացում:

ԱՄՆ ՄԶԳ-ի ընդհանուր նախատեսված ներդրումը Նպատակներին հասնելու համար կազմում է 120,000,000 ԱՄՆ դոլար, որը կհատկացվի մասնաբաժիններով։ ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է բաշխել իր ընդհանուր ներդրումը Նպատակների միջև հետևյալ կերպ.

68,565,000 ԱՄՆ դոլար ժողովրդավարության խթանման համար

51,435,000 ԱՄՆ դոլար տնտեսական անվտանգության բարելավման համար:

Հաշվի առնելով COVID-19 համավարակով և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմով պայմանավորված ցնցումները, ինչպես նաև 2021թ. կայացած արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունները՝ սույն փաստաթղթով Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառություն է վերցնում աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման կայացման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ