Ներկայացնում ենք ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի ելույթը՝ ամբողջությամբ․
Սիրելի հայրենակիցներ, մոտ 2 ամիս ֆրանսիայի հրապարակն այն կենտրոնն է, որտեղ հավաքվում են տասնյակ հազարավոր հայեր Արցախից, Հայաստանի տարբեր մարզերից, Սփյուռքից, տարբեր սերունդների ներկայցուցիչներ, կուսակցական թե անկուսակցական՝ պայքարելու Արցախի, պետության և պետականության պահպանման համար։ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Այս պայքարում ուզում եմ հատկապես առանձնացնել երիտասարդների դերն ու նշանակությունը։ Սիրելի երիտասարդ, դու այս շարժման առանցքն ես, առաջամարտիկը, չնահանջողը, ժամանակակից բայց և ազգայինը քո մեջ խորապես կրողը։ Այո, այսօր մեր ուսերին չափազանց ծանր բեռ է դրված, ճիշտ այնպես, ինչպես մեր ծնողների ու պապերի։ Նրանք պատվով հաղթել են իրենց բաժին հասած պայքարում, մենք էլ մեր պայքարն ենք մինչև վերջ տանելու։ Ի վերջո, այստեղ կանգնած երիտասարդ տղաների մեծ մասը պատրաստ է եղել սեփական կյանքի գնով պահել երկիրը և՛ 2016-ին, և՛ 2020-ին, դուք արդեն իսկ ապացուցել եք, որ և՛առաջնագծում և՛ հիմա էլ այս հրապարակում ՏԵՐ ԵՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ։ Այս շարժման ուժը դուք եք և դուք էլ պետք է դառնաք վաղվա Հայաստանի հիմնասյունը, վերափոխման շարժիչ ուժը։
Սրանց հեռացումից հետո սկսվելու է ամենածանր գործը, այդտեղ է, որ մենք պետք է ցույց տանք մեր դավանած արժեքների նկատմամբ հավատարմությունը։ Մենք միասին կառուցելու ենք որակապես նոր պետություն, որի հիմքում, իհարկե, կրթությունն է՝ ժամանակակից, բարձրորակ և ազգային արժեքների վրա խարսխված։ Մենք պետք է ստեղծենք երկիր, որտեղ կրթությունն է ծնում իրավունք։ Դպրոցն ու համալսարանն ավարտած երիտասարդը պետք է լինի ոչ թե պարզապես քաղաքացի, այլ մտածողությամբ և էթնիկ գիտակցությամբ հայ քաղաքացի, ով կարող է մրցել աշխարհի լավագույն մասնագետների հետ։
Վերջերս հայ ազգը մեծ հպարտություն ապրեց իր հայրենակցի՝ Արտեմ Փաթափությանի՝ Նոբելյան մրցանակ ստանալու կապակցությամբ։ Իմ հպարտությունն իսկապես անսահման կլիներ, եթե հենց ՀՀ գիտական միջավայրում ձևավորված գիտնականն արժանանար նման պարգևի։ Մենք հենց այս նշաձողը պետք է մեզ համար սահմանենք։ Ցավալիորեն, այսօր ավելի ու ավել քիչ երիտասարդներ են ներգրավվում գիտության ոլորտում։ Պատճառները տարբեր են՝ հասարակության մեջ գիտնականի վարկանիշի ցածր մակարդակից մինչև չափազանց ցածր աշխատավարձեր։ Ուստի գիտության ոլորտում պետք է մշակել ռազմավարություն՝ ելնելով պետության զարգացման և անվտանգության ապահովման կարիքներից, չափելի թիրախներով, ծրագրերով և այդ ծրագրերի իրականացման համար աստիճանաբար հասնել նրան, որ հատկացվի պետական բյուջեի առնավազն 4 տոկոսը։ Անհրաժեշտ է ավելացնել ասպիրանտական տեղերի քանակը և բարձրացնել ասպիրանտական կրթաթոշակը՝ հասցնելով առնվազն 100000 դրամի։ Պետք է մշակել և իրականացնել արտերկրից գիտնականների հեռակա ներգրավման, հայրենադարձման և ներգաղթի ծրագրեր՝ Հայաստանում գիտական կարևոր ճյուղերի զարգացման և ընդհանուր միջավայրի բարելավման համար։
2020 թ-ի պատերազմից հետո հատկապես ոտքի կանգնելու, տարածաշրջանում մրցունակ լինելու համար միակ տարբերակը և միակ փրկությունը կրթության և գիտության ոլորտի զարգացմանը նոր թափ հաղորդելն է, մեծ ներդրումներ իրականացնելն է։ Կրթության մասին խոսելիս անհնար է չխոսել ուսուցիչների մասին։ Ուսուցիչն ինքը հիմքն է որակյալ կրթության։ Բայց մի քանի մտահոգիչ փաստ պետք է ասեմ՝ որքան էլ սրանք ասեն, թե տարբեր ծրագրերով գրավիչ են դարձնում ուսուցչի աշխատանքը, այդուհանդերձ փաստն այն է, որ մեկ տարում մոտ 900-ով նվազել է դպրոցում ուսուցիչների քանակը։ Ուսուցիչների թափուր հաստիքները չեն համալրվում, քանի որ պարզապես դիմող չկա։ Ուսուցիչների 12տոկոսը 65 տարեկանից բարձր են։ մինչև 30 տարեկան ուսուցիչների թիվը շատ ավելի քիչ է, քան 65 տարեկանից բարձր ուսուցիչների թիվը։ Հետևաբար երիտասարդների համար ուսուցչի աշխատանքը գրավիչ դարձնելը օրվա հրամայական է։ միջոցներից մեկը ուսուցչի բազայի ն աշխատավարձի բարձրացումն է, ոչ թե տարակուսելի այս կամավոր ատեստավորման գործընթացը, այլ հենց ուսուցչի բազային աշխատավարձի բարձրացումը։ Ուսուցիչը իր չափազանց պատասխանատու աշխատանքն անելիս չպետք է մտածի իր համար տարրական սոցիալական խնդիրների լուծման մասին։ Ի վերջո, սրանք միայն վերջին ժամանկահատվածում միլիարդավոր դրամների պարգևավճար են բաժանել ոստիկաններին, բարձրացրել դատավորների և դատախազների աշխատավարձները, էլ չեմ խոսում սեփական պարգևավճարների մասին, բայց ուսուցչին ասում են՝ գնա այդ անհասկանալի ատեստավորումն անցիր, որ մի քանի կոպեկ ավել ստանաս։ Սա պետական մոտեցում է, փիլիսոփայության հարց է, և այո, գիտնականն ու ուսուցիչն ամենաբարձրը պետք է ստանան, ավելի բարձր, քան պատգամավորն ու նախարարը:
Հաջորդ կարևոր քայլը. համալսարանները պետք է ապախաղաքականացվել։ Հիշում եք, երբ եկան իշխանության պոռոտախոսում էին, թե բա համալսարանները կապաքաղաքականացնենք։ Հետո իրենց պատգամավորներից մեկին դարձրեցին ԵՊՀ ռեկտոր, հոգաբարձուների խորհուրդի նախագահ կարգեցին Սուրեն Պապիկյանին, Վահագն Խաչատուրյանին գործուղեցին Երևանի Պետական Տնտեսագիտական համալսարան, Ավինյանը հանգրվանեց Հայաստանի ազգայի պոլիտեխնիկական համալսարանում և այսպես շարունակ։ Սուտը որպես քաղաքական ուղենիշ որդեգրածները դրժեցին իրենց հերթական խոստումը։ Մենք իսկապես արմատախիլ ենք անելու քաղաքականությունը համալսարաններ տանելու արատավոր պրակտիկան։
Վերջում ուզում եմ նորից կոչով դիմել երիտասարդությանը, հատկապես նրանց, ովքեր դեռ այս հրապարակում չեն։ Սիրելի երիտասարդներ Ձեզանից շատերը մասնակցել են նաև 2018 թվականի իրադարձություններին՝ մեծ հույսով ու երազանքով։ Բայց նրանք, ովքեր արդյունքում եկան իշխանության մեզ բերեցին վիշտ, սուգ, մահ, պառակտում։ Հազարավոր երիտասարդներ, ովքեր մասնակցում էին 2018-ի շարժմանը, այսօր չկան, զոհվեցին, կամ կորցրեցին իրենց առողջությունը պատերազմի հետևանքով։ Ձեզանից շատերը կորցրեցին իրենց դասընկերներին, ընկերներին։ Կորցրեցիք հույսը մեր ապագայի հանդեպ։ Գիտեմ, որ վախենում եք նորից սխալվելուց։ Բայց մեր տղաները չեն ընկել հանուն ոչնչի, ինչպես այն մեկը կասեր։ Մենք պարտք ունենք նրանց առաջ, մենք պարտավոր ենք միասին անվտանգ և ժամանակակից երկիր կառուցել։ Այնպիսի երկիր, որտեղ կերազեր ապրեր աշխարհի ցանկացած երիտասարդ։ Սիրելի երիտասարդներ, մենք միասին մի մեծ, կարևոր առաքելություն ունենք, մենք պետք է մեր հասարակությունից հանենք չարությունը, նախանձը, ատելությունն ու անտարբերությունը միմյանց նկատմամբ։ Միասին վերադարձնենք մեր ժողովրդին հանգսությունն ու ներդաշնակությունը, վստահությունը թե սեփական թե երկրի ապագայի հանդեպ։ Մենք սիրում ենք մեր երկիրը իր սարերով, բնությամբ, փոքրությամբ, մշակույթով ու պատմությամբ, եկենք միասին տեր կանգնենք մեր երկրին ու մեր պատմությանը։ Տեր ենք մեր հայրենիքին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը