Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2012 թ. հոկտեմբերի 3-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2 արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշումը:
Նախագծով ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմակայանին նոր տարածքներ հատկացվեցին և որոշ փոփոխություններ արվեցին:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «ՀՀ տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կազմի և ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի հասցեներում տեղ գտած փոփոխություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ու գործառնման նպատակով ռազմակայանի տեղաբաշխման կետերում և ռուսաստանյան կողմին փոխանցվող հողատարածքների ու անշարժ գույքի կազմում և իրավական հիմք հանդիսացող փաստաթղթերում: Այդ նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի և ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառնման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի մասին» 1996թ. սեպտեմբերի 27-ի համաձայնագրի դրույթներին համապատասխան, վերջինիս՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին 2012թ. հոկտեմբերի 3-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» № 2 արձանագրության նախագիծը:
Արձանագրության ստորագրումը պայմանավորված է ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կազմի փոփոխության արդյունքում նրանց գործունեության համար պայմանների ապահովման անհրաժեշտությամբ, միտված է վերոշարադրյալ գործընթացների ապահովմանը և, միաժամանակ, բխում է Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 2019թ. ապրիլի 12-ին Երևանում կայացած 12-րդ նիստի արձանագրության դրույթներից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը