Արցախի քաղաքաշինության նախարարությունը «ՍիվիլՆեթին» է տրամադրել պետությունից շինարարարական պատվերներ ստացած տասը ամենախոշոր ընկերությունների ցանկը։ Դրանց մեծ մասը փոխկապված են Արցախի նախկին և ներկա պաշտոնյաների հետ։
2021-ի առաջին ինը ամիսների ընթացքում Արցախի քաղաքաշինության նախարարությունը 10 ամենախոշոր ընկերություններին շինարարական ծառայությունների մատուցման դիմաց տրամադրել է մոտ 4 մլրդ դրամ։ Ըստ Արցախի քաղաքաշինության նախարարության տարեվերջյան հաշվետվության՝ 2021 թվականին նախարարության պետական պատվերի ծավալը կազմել է 44,8 մլրդ դրամ, որից 19,4 մլրդ-ը արտաբյուջետային միջոցներ են։
Քաղաքաշինության նախարարության տրամադրած ցանկում կան ինչպես Արցախի շինարարության մեջ «հնաբնակ», այնպես էլ համեմատաբար նոր ստեղծված ընկերություններ: Ուշագրավ է, որ նույն ժամանակահատվածում «Հայաստան» հիմնադրամի՝ 10 խոշոր ընկերությունների հետ կնքված պայմանագրերի ծավալը զգալի կերպով (6,6 մլրդ դրամ) գերազանցում է քաղաքաշինության նախարարության 10 խոշոր ընկերությունների հետ պայմանագրերի ընդհանուր գումարը։ Սակայն տարեվերջյան ցուցանիշներով «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Արցախում իրականացրած շինաշխատանքների ծավալը կազմում է ընդամենը 15 տոկոս, պետական բյուջեին ծավալը՝ 39 տոկոս:
Արցախի քաղաքաշինության նախարարության տարեվերջյան հաշվետվության համաձայն՝ 2021-ին Արցախում շինարարական-վերականգնողական աշխատանքներին մասնակցել է 237 շինարարական ընկերություն։
Արցախի քաղաքաշինության նախարարությունը երկարատև ձգձգումներից հետո, Սիվիլնեթին է տրամադրել 2021-ի 9 ամիսների ընթացքում ամենախոշոր 10 շինարարական ու ճանապարհաշինական ծրագրերի և այդ ծառայությունները մատուցող ընկերությունների մասին տեղեկություններ։
Սիվիլնեթի արցախյան թիմին 2021-ի հունիսից չէր հաջողվում Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկատվություն ստանալ վերջին 3,5 տարիներին շինարարական աշխատանքներ կատարած հինգ խոշոր ընկերությունների վերաբերյալ։ Նախարարությունը չի տրամադրում նաև դրանց հետ կնքված պայմանագրերը (տես՝ Արցախի կառավարությունը չի տրամադրում շինարարական ընկերությունների հետ պայմանագրերը, Արցախի դատախազությունը արձագանքել է ՍիվիլՆեթի հրապարակմանը)։
Եթե Արցախի քաղաքաշինության նախարարությունը նույնաբովանդակ տեղեկատվությունը տրամադրել է 6 ամսում, ապա «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ 14 օրում (11 աշխատանքային օր):
***
Ստորև ներկայացնում ենք Արցախի քաղաքաշինության նախարարության ներկայացրած տասը ամենախոշոր ընկերությունները, որոնք, ըստ պայմանագրերի՝ 2021-ի ինը ամիսների ընթացքում մատուցել են շինարարական և ճանապարհաշինարարական ծառայություններ: Նշված ընկերություններից որոշները անմիջապես պատկանում են գործող ու նախկին պաշոտանյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց։
1․ Ցանկը միանձնյա գլխավորում է «Քարավան» ՍՊԸ-ն, որի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Վայոց Ձորից գործարար Հակոբ Հակոբյանին: Հակոբյանը դեռ 90-ականներից է Արցախում շինարարությամբ զբաղվում: Ճանապարհաշինարարական աշխատանքների դիմաց ինը ամիսների ընթացքում «Քարավանը» պետությունից ստացել է 1,88 մլրդ (կազմում է բոլոր պատվերների 48 տոկոսը) դրամի պատվերներ։ Ընկերությունը ճանապարհներ է վերանորոգել, ասֆալտապատել ու բարեկարգել։ «Քարավանը» պետական ռեգիստրում գրանցվել է 2002-ին:
Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվերներով «Քարավանը» 3,53 մլրդ դրամի դիմաց վերակառուցել է Մ-2 ճանապարհից Կոճողոտ համայնք տանող, Մարտակերտ-Ճանկաթաղ ավտոճանապարհի 15 կմ և Մ-2 ճանապարհից Վերին Հոռաթաղ համայնք տանող ճանապարհի 2 կմ հատվածները:
2․ Երկրորդը՝ «Կապավոր» ընկերությունն է, որի 93,75 տոկոս բաժնեմասը պատկանում է շինարար Արման Հակոբջանյանին: Մնացած բաժնետոմսերը պատկանում են Հակոբջանյանների ընտանիքին՝ 2,5 տոկոսը նրա քրոջը՝ Հայաստանում բնակվող գինեկոլոգ Լիլիթ Հակոբջանյանին, որը եղել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ առողջապահության հարցերով խորհրդական (հասարակական հիմունքներով): Նրանք Արցախյան շարժման ակտիվիստ, շինարար, 2006-2007 թթ. Արցախի քաղաքաշինության նախարարի պաշտոնը զբաղեցրած Մարատ Հակոբջանյանի զավակներն են:
Արման Հակոբջանյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մերձավորն է։ Նա նաև սերտ կապեր ունի Հարությունյանին աջակցող Քաղաքացիական միացյալ դաշինք (ՔՄԴ) կուսակցության հետ:
Ընկերությունը 2020-ի 9 ամիսների ընթացքում 366,5 մլն դրամի ավտոճանապարհներ է վերակառուցել, փոսային վերանորոգումներ իրականացրել և բարեկարգել Ստեփանակերտի փողոցները:
«Կապավորը» 2014-2020 թթ. (6,5 տարվա ընթացքում) Ստեփանակերտ քաղաքում կատարված շինարարական աշխատանքների ծավալներով 6-րդն էր (աշխատանքի ծավալը կազմում էր՝ 173,3 մլն դրամ):
«Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվերով «Կապավորը» 449 մլն դրամի դիմաց Մ-2 ճանապարհից Դահրավ համայնք տանող ճանապարհի 5 կմ հատվածն է վերակառուցել:
3․ «Ռոբ-շին» ՍՊԸ-ն ևս խոշոր կապալառու է։ Ընկերությունը Արցախի քաղաքաշինության նախարարության պատվերով 40 տուն է վերանորոգել, միայն մեկ պատվեր վերաբերում է Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի օդային գծի վերանորոգմանը: Պետական ռեգիստրում գրանցվել է 2011-ին։ Ընկերության միանձնյա բաժնետերը Ռոլանդ Այդինյանն է: Նա նույնպես Արայիկ Հարությունյանի մտերիմն է։ Ռոլանդ Այդինյանը ժամանակին եղել է Քարվաճառի քաղաքապետը։ Վերջերս նա Արցախի ԱԱԾ-ում պաշտոն է ստացել: Թե կոնկրետ ինչ պաշտոն է զբաղեցնում ու երբ է աշխատանքի ընդունվել, Արցախի ԱԱԾ-ից մանրամասներ չհաղորդեցին: Պաշտոնական գրության մեջ միայն ասվում է, որ Ռոլանդ Ռոբերտի Այդինյանը ծառայում է Արցախի Ազգային անվտանգության մարմիններում, իսկ «Ձեր կողմից հայցվող տվյալները գաղտնագրված են, ուստի հնարավոր չէ տրամադրել»: «Ռոբ-շինի» հետ Արցախի քաղաքաշինության նախարարության հետ կնքած պայմանագրերի գումարային ծավալը կազմում է 290 մլն դրամ:
4․ «Ճանշին» ՓԲԸ-ն վաղուց է հայտնի Արցախի շինարարական ոլորտում: ՓԲԸ լինելու պատճառով հնարավոր չէ ծանոթանալ ընկերության սեփականատերերի ցանկին, քանի որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը ՓԲԸ-ների գրանցամատյան չի վարում։ Ընկերության տնօրենը Սասուն Աղաջանյանն է` Արցախի նախկին գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի եղբայրը։ Սասուն Աղաջանյանը նույնպես ընտրություններին աջակցել է Արայիկ Հարությունյանին: Հարությունյանի ընտրվելուց հետո նրա եղբայր Մհեր Աղաջանյանը նշանակվել է Արցախի գլխավոր դատախազ, որի լիազորությունները դադարեցվել են 2021-ի հունվարի 15-ին:
Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Մհեր Աղաջանյանը 2021 թվականի փետրվարի 22-ին Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ` հատուկ հանձնարարությունների գծով։ Նա նաև Նախագահին առընթեր Ներման հարցերով հանձնաժողովի նախագահն է։
«Ճանշինը» Արցախի քաղաքաշինության նախարարությա պատվերով 9 ամսում վերակառուցել է Ասկերանի շրջանի Խնձրիստան և Մարտկերտի շրջանի Առաջաձոր գյուղ տանող ավտոճանապարհները, ասֆալտապատել է Ասկերանի շրջանի Հիլիս գյուղի ճանապարհը և բարեկարգել Ստեփանակերտ քաղաքի Շինարարների փողոցը։ Այդ պատվերներ ծավալաը կազմել է 280 մլն դրամ։
«Ճանշինը» «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվերով Ճանկաթաղ-Մարտակերտ ավտոճանապարհի 12 կմ-ից 7 կմ-ի վերակառուցումն է իրականացրել: Այդ ծառայության դիմաց ընկերությունը ստացել է 917 մլն դրամ:
5․ «Վերածնունդ» ՍՊԸ-ն հիմնադվել է 2003 թվականին։ Այն իրականացրել է 252,5 մլն դրամի աշխատանքներ: Ընկերության 50,3 տոկոսը պատկանում է գնդապետ Գարրի Սաֆարյանին, որը ժամանակին Արցախի պաշտպանության նախարարի տեղակալն էր, իսկ 49,7 տոկոսը պատկանում է նրա կնոջը՝ Ռիտա Բաղդասարյանին: Նախարարության ներկայացված տվյալներով՝ «Վերածնունդը» ասֆալտապատել է Քերթ գյուղի ճանապարհը:
«Վերածնունդը» ևս ծառայություններ է մատուցել «Հայաստան» հիմնադրամին. 655 մլն դրամի դիմաց վերակառուցել է Ճանկաթաղ-Մարտակերտ 12 կմ-ոց ավտոճանապարհի 5 կմ-ն:
«Քարավանը», «Կապավորը», «ՃանՇինը» և «Վերածնունդը» ճանապարհաշինական աշխտանքներ են իրականացրել, մնացած ընկերությունները՝ գլխավորապես տներ ու բնակարաններ են վերակառուցել, վերանորոգել ու բարեկարգել Արցախի տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ հրետակոծությունից տուժած: 2021 թվականին 9 ամսում Արցախի քաղաքաշինության նախարարության պատվերով մոտ 3 մլրդ է ծախսվել ճանապարհաշինական ծրագերի, իսկ մոտ 1 մլրդ՝ բնակարանների/տների վերակառուցման ու վերանորոգման համար:
6․ «ՊԱՆՏ» ՍՊԸ-ն 237.5 մլն դրամի դիմաց հիմնականում բնակելի տներ է բարեկարգել և վերանորոգել (այդ թվում հրետակոծությունից տուժած)։ 2003 թվականին հիմնադրված այս ընկերության 50 տոկոսը պատկանում է Ստեփանակերտի նախկին քաղաքապետ (2011-2015, 2015-2019), Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) անդամ Սուրեն Գրիգորյանի որդուն՝ Տիգրան Գրիգորյանին, իսկ մյուս 50 տոկոսն ընկերության ղեկավար Սերգեյ Հարությունյանի որդուն՝ Պավել Հարությունյանին։
7․ «Վիրաժ» արտադրական կոոպերատիվը 224,7 մլն դրամի դիմաց փողոցներ է բարեկարգել ու ասֆալտապատել։ Կոոպերատիվի գործադիր մարմնի ղեկավարներն են Վագիֆ Աթայանը և Մխիթար Աթայան։ «Վիրաժը» Արցախի խոշոր ու հին ընկերություններից է: «Հետքի» կազմած Ստեփանակերտի կապալառուների ցանկում երկրորդն էր։
«Վիրաժը» նաև Մարտունու շրջանի Կաղարծի-Պառավաթումբ 5 կմ ավտոճանապարհի վերակառուցումն է իրականացրել: Սա, սակայն, «Հայաստան» հիմնադրամի խողովակով․ այդ ծառայության գումարը կազմել է 504 մլն դրամ:
8․ «Կոմֆորտշինի» 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Համլետ Մամունցին Մարտակերտ քաղաքից։ Այս ընկերությունը հիմնականում տներ ու բնակարաններ է վերակառուցել ու վերանորոգել։ Քաղաքաշինության նախարարության պայմանագրերով՝ 2021-ի ինը ամիսների ընթացքում կատարած աշխատանքների դիմաց ընկերությունը ստացել է 166 մլն դրամ։ Ընկերությունը հիմնադրվել է 2020-ի մայիսին։
9․ «Տիգրան Մեծ» ընկերության 60 տոկոս բաժնեմասը պատկանում է Վանյա Գասպարյանին, 40 տոկոսը՝ նրա կնոջը՝ Ալինա Ավանեսյանին: Վանյա Գասպարյանը եղել է Արցախի քաղաքաշինության նախարարության աշխատակից: Քաղաքաշինության նախարարությունից մեզ հայտնեցին, որ Արցախի քաղաքաշինության նախարարությունում աշխատել է 2010 թվականից մինչև 2020 թվականի հունիսի 3-ը՝ զբաղեցնելով կապիտալ շինարարության վարչության պետի տեղակալի պաշտոնը։ «Տիգրան Մեծը» քաղաքաշինության նախարարության պատվերով բացարձակապես տներ է վերանորոգել ու վերակառուցել։ Այդ պատվերների գումարը կազմել է 133 մլն դրամ։
10․ «Միք-շին» ընկերությունը ևս հիմնականում բնակարաններ է վերանորոգել 2021-ի ինը ամիսների ընթացքում: Նրա 100 տոկոսանոց բաժնետերը Երևանում գրանցված Լարիսա Սարգսյանն է, որը Արցախի Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հորեղբոր դուստրն է։ 2015 թվականին հիմնադրված ընկերությունը մինչև 2016 թվական պատկանոմ էր ներկայիս տնօրեն Աշոտ Մանուչարյանին։ Նրա պատվերների գումարը կազմել է 113 մլն դրամ։
Արցախի քաղաքաշինության նախարարությունից չհաջողվեց երկու կարևոր տեղեկություն ստանալ․ նախ՝ չտրամադրեցին պայամանագրերի պատճենները, ինչպես նաև պետական գնման տեսակը՝ արդյոք այս պատվերները եղել են մեկ անձից գնման ընթացակարգով, թե մրցութային կարգով։ Օրինակ, Արցախի ֆինանսների նախարարության կայքում 2021-ին հրապարակված 120 պետական գնումների պայմանագրերից, որոնք վերաբերում են քաղաքաշինության նախարարությանը, 19-ը բաց ընթացակարգով են կատարվել, իսկ 97-ը՝ բանակցային։ Սա նշանակում է, որ 120-ից 97-ը ոչ մրցութային եղանակով կատարված գնումներ են, և գնումների հայտարարությունը նախապես չի հրապարակվել։
Արցախում 2021-ին շինարարության ոլորտը նախորդ տարվա համեմատ աճել է 48,3 տոկոսով և կազմել է 74,6 մլրդ դրամ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը