Այսօրվա խորհուրդը հսկայական է, և ես վստահ եմ, որ այսօրը մեր պատմության մեջ նոր էջ է բացելու: Ֆրանսիայի հրաարակում հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: «Մայիսի 28-ի խորհուրդը, որով մենք կարողացանք մեր ինքնությունը պահպանել, մեր ազգի տեսակը պահպանել և աշխարհի քաղաքական քարտեզի վրա մեր տեղն անսասան արձանագրել, հիմք դրեց մեր նորօրյա պատմության, որի ընթացքում մենք իսկապես ունեցել ենք մեծ հաղթանակներ, հաջողություններ:
Դրանցից մեկն այսօր փորձում են մեր ձեռքից խլել. այն, որ մենք Արցախյան ազատամարտով կարողացանք ունենալ 42 հազար քառակուսի կիլոմետր հայկական վերահսկողության տակ անցած տարածքներ: Սա պարծանք էր մեր սերնդի համար, սա մեծ պատմական հաջողություն էր մեր սերնդի համար: Եվ եկավ այս իշխանությունը ու 42 հազարից այսօր թողել է մոտ 32 հազար: Ու դրանից հետո հարցնում են, թե ինչ են արել այս ազգի համար վատ, որ ուզում ենք հեռանան. էլ ինչ պետք է անեինք, որ հեռանայիք: Ձեզ փոխանցվել էր մեր վերահսկողության տակ գտնվող 42 հազար քառակուսի կիլոմետր հայկական տարածք, դուք թողել եք 32 հազար ու դեռ հարց է, դրանից երկու հազարն էլ կմնա՞, թե՞ ոչ: Եթե իրենք մնան, չի մնալու: Ժողովուրդ, սա է իրական մարտահրավերը, որը բոլորիս հավաքել է այս հրապարակում»:
Արմեն Ռուստամյանը նաև ընդգծեց, որ անընդհատ ասում էին, թե ժողովուրդն է իշխանության տերը, բայց պարզվում է իրենց ՔՊ-ի խմբակն է իշխանությունը, ոչ թե ժողովուրդը: Իսկ նոր իշխանությունների ժամանակ, ինչպես նշեց պատգամավորը՝ լինելու է կադրային ճիշտ քաղաքականություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը