25 05 2022

Ամերաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակին

Ամերաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակին

Global Finance ամսագիրը հայտարարել է կայուն ֆինանսավորման ոլորտում արդեն երկրորդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության հաղթողներին: Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանում «Կայուն ֆինանսավորման գծով 2022 թ-ի լավագույն բանկ»` դառնալով տարածաշրջանի առաջին բանկը, որն արժանանում է այս մրցանակին: 

Մրցանակը շնորհվում է կայուն ֆինանսավորման ոլորտում համաշխարհային, տարածաշրջանային և տեղական առաջատար ընկերություններին, որոնք ֆինանսավորում են կլիմայական փոփոխությունների մեղմացմանն ուղղված նախաձեռնություններ` նպաստելով առավել կայուն ապագայի ստեղծմանը:    

Հաղթողներն ընտրվում են Global Finance ամսագրի խմբագիրների կողմից ստացված հայտերի և իրականացված անկախ հետազոտության արդյունքների հիման վրա: Գնահատման չափանիշները ներառում են կառավարման քաղաքականություններն ու նպատակները, ինչպես նաև շրջակա միջավայրի և սոցիալական ծրագրերի կայուն ֆինանսավորման ոլորտում գրանցված չափելի ձեռքբերումները:

«Համաճարակը և էներգետիկ ոլորտի խափանումները բարձրացրել են կլիմայի փոփոխության ռիսկերի մասին իրազեկվածության մակարդակը, իսկ տեխնոլոգիական նորարարությունները վնասը նվազեցնելու և կայուն ապագա կառուցելու համար նոր հնարավորություններ են ընձեռում և նոր լուծումներ են առաջարկում:  Global Finance ամսագրի կողմից կայուն ֆինանսավորման ոլորտում շնորհվող մրցանակների միջոցով գնահատական է տրվում այն ֆինանսական հաստատություններին, որոնք աչքի են ընկնում նշված ոլորտում պահանջվող բոլոր նախաձեռնությունների բավարար ֆինանսավորմանն ուղղված ջանքերով և նշված երկարաժամկետ խնդիրների լուծման ստեղծարար առաջարկներով», - նշել է Global Finance ամսագրի գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն:

«Ամերիաբանկի հեռանկարային ռազմավարության հիմքում կայուն զարգացման սկզբունքն է: Մենք շարունակաբար նոր հնարավորություններ ենք փնտրում և ներգրավում ենք միջազգային գործընկերների կայուն ֆինանսավորման մեր պորտֆելն ընդլայնելու համար: Կայուն ֆինանսավորման ոլորտում մենք առաջնորդվում ենք գլոբալ բնապահպանական խնդիրներով և կլիմայի փոփոխության ռիսկերով: Մենք պատասխանատու ենք նշված խնդիրների լուծման գործընթացքում մեր լուման ներդնելու համար: Global Finance ամսագրի կողմից շնորհված մրցանակը շատ մոտիվացնող է: Այն մեզ պարտավորեցնում է առավել շատ ջանքեր գործադրել պատասխանատու բիզնես վարելու և Հայաստանի կայուն ապագան կերտելու ուղղությամբ», - ընդգծել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:  

Մեր երկարաժամկետ պարտավորությունն է ստեղծել կայուն միջավայր և աջակցել մեր հաճախորդներին չեզոք ածխածնային տնտեսությանն անցնելու գործում: Ամերիաբանկը մշակել է Կանաչ պարտատոմսերի հայեցակարգ (GBF), որը համահունչ է Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի (ICMA*) Կանաչ պարտատոմսերի ներկայիս սկզբունքներին և ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (SDGs):   

2009թ.-ից ի վեր Ամերիաբանկը էներգախնայողության ու էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանն է ուղղել ավելի քան 225 մլն ԱՄՆ դոլար տարբեր միջազգային ֆինանսական հաստատությունների և ազդեցիկ ներդրողների աջակցությամբ:

2020թ. Ամերիաբանկը դարձավ կանաչ պարտատոմսեր թողարկող առաջին բանկը Հայաստանում և նախատեսում է ընդլայնել նշված գործունեությունը` դառնալով կանաչ պարտատոմսերի թողարկման գծով տարածաշրջանի առաջատարը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ