23 05 2022

Մինչև սեպտեմբեր Բերձորն այլևս մեզ չի պատկանելու․Նաիրի Հոխիկյան

Մինչև սեպտեմբեր Բերձորն այլևս մեզ չի պատկանելու․Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սա է իրականությունը, որի շուրջ արդեն հերթական բանավոր պայմանավորվածությունը ձեռք են բերել Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, Արցախն էլ ստիպված է լինելու հաշվի նստել այդ պայմանավորվածությունների հետ։
Մենք դեռ չենք հասկանում, թե ինչ է նշանակում Բերձորի հանձնում Ադրբեջանին և Լաչինի գործող միջանցքի փոխարինում մեկ ուրիշով։
Դա ավելի աղետալի է լինելու հայկական կողմի համար, քան 2020-ի պատերազմն էր և 2021-ի իրադարձությունները։ Բերձորի հանձնման հետևանքները մենք կզգանք հենց 2022-ի դեկտեմբերին, երբ առաջին ձյունը տեղա։ Այդ մասին առավել մանրամասն կխոսեմ առաջիկա օրերին։
Մենք կարող ենք կանխել Բերձորի հանձնումը, եթե առաջին հերթին մտածենք հանուն։ Հանուն Արցախի ամրության մենք կարող ենք փրկել Բերձորը՝ վերաբնակեցնելով այն մոտ 1000 մարդով։ Դա հնարավոր է։ Ես արդեն մի շարք գործարարների ու հիմնադրամների հետ պայմանավորվել եմ, տրամադրվելու են կահույքը, գույքը, նույնիսկ ընտանի կենդանիներ։ Բայց Բերձորը վերաբնակեցնելու համար կամք ու ցանկություն է պետք։ Եվ այդ ցանկությունը պետք է ունենան ոչ միայն իշխանական լծակ ունեցող անձինք, այլև ընդդիմությունը։
Այո, ընդդիմությունը կարող է փրկել Բերձորը, եթե իր առաջ դնի Բերձորը փրկելու ծրագիր։ Եվ այդ փրկության ծրագիրը կարող է ոչ միայն պահել մեր Բերձորը, այլև մարդկանց կողմից վստահության նոր խթան դառնալ։
2020-ի պատերազմից ամիսներ առաջ զօրուգիշեր պայքարում էի իշխանության տարբեր սենյակներում, որ արբանյակն ունենանք։ Դրանով մենք կկարողանայինք կանխել թշնամու ԱԹՍ-ների գործոնը։ Չստացվեց արբանյակի ծրագիրը, քանի որ իշխանությունը գործարքի մեջ էր թշնամու հետ, իսկ ընդդիմությունն ասում էր՝ լծակներ չունի։
Ես չեմ ուզում Բերձորը հանձնի Նիկոլը, որ հետո ապացուցեմ, թե ինչքան վատ ու դավաճան է Նիկոլը։ Գուցե Նիկոլը ճիշտ էր ասում ժամանակին, որ ես անուղեղ հայրենասեր եմ, բայց ես չեմ կարող իմ պետականության շահն ու հայրենակիցների անվտանգությունը փոխարինել քաղաքական կամ խմբային նպատակահարմարության հետ։
Բերձորը տալը աղետ է լինելու, և դրա վրա աչք փակելը՝ մեծագույն հիմարություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ