Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ
______
Գերագույն հոգևոր խորհուրդը, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, անդրադառնալով 44-օրյա աղետալի պատերազմից հետո Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներին, արձանագրում է՝
- Ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրենց դատապարտելի թշնամական վերաբերմունքը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի հանդեպ: Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը պարբերաբար սադրանքներ է հրահրում Հայաստանի և Արցախի սահմաններին, թիրախավորում նաև խաղաղ բնակչությանը, շարունակում է պահել ռազմագերիներին, իր վերահսկողության տակ հայտնված տարածքներում ոչնչացնում և յուրացնում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգությունը,
- Աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում ՀՀ իշխանություններին և համազգային կառույցներին հարկ է զգոնություն դրսևորել, որպեսզի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չդառնա,
- Խաղաղությունը չի կարող հաստատվել ազգային արժանապատվության նվաստացման հաշվին, հայրենի պետության տարածքային ամբողջականության հանդեպ չդադարող ոտնձգությունների, ռազմագերիների առկայության, Ադրբեջանի շարունակական սպառնալիքների և հայատյացության քարոզչության պայմաններում։ Խաղաղությունը պետք է հիմնվի արդարության, արժանապատվության և իրավունքների հարգման սկզբունքների վրա,
- Անկախ առկա ճնշումներից և արտաքին սպառնալիքներից, առավել ևս ներհասարակական բևեռացվածության պայմաններում՝ ՀՀ և ԱՀ իշխանությունները հարկ է, որ չձեռնարկեն հայոց անկախ պետականությունը և Արցախի ապագան վտանգող քայլեր, չդրսևորվի զիջողականություն ազգի հիմնարար իրավունքների և պատմական արդարության հետապնդման հանձնառության մեջ։
Գերագույն հոգևոր խորհուրդը, խիստ մտահոգված ստեղծված բարդագույն իրավիճակով, հայրենիքում տեղ գտնող ներքաղաքական զարգացումներով և ապավինելով Բարձրյալ Տիրոջ ողորմությանը և մեր ժողովրդի իմաստությանը, հորդորում է՝
- Առաջնային նկատել ազգային և պետական շահը, գործել խղճի մտոք և պատասխանատվությամբ, խնդիրների արժանապատիվ լուծումները փնտրել բացառապես մեր համընդհանուր կամարտահայտման ու համախոհության մեջ,
- Հայրենիքում, թե սփյուռքում ամենայն ջանք ի գործ դնել զորացնելու մեր ազգային միաբանությունը՝ վերացնելով պառակտող հատվածականությունը, լծվելու հայրենիքի հզորացմանը, միջազգային հարթակներում և ամենուր հետևողականորեն բարձրաձայնելու մեր ժողովրդի իրավունքների ոտնահարման մասին, հետամուտ լինելու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը և հատուցմանը, պայքարելու հանուն մեր ինքնության ու հոգևոր-ազգային արժեքների պահպանության,
- Ներքաղաքական գործընթացներում, խաղաղ հավաքներին, անկախ քաղաքական հայացքներից կամ պաշտոնական գործառույթներից, դրսևորել հանդուրժողականություն, օրինապահություն, հարգանք միմյանց իրավունքների նկատմամբ՝ բացառելով որևէ տեսակի բռնություն, անհամաչափ ուժի կիրառում, սադրանք և օրինախախտություն։ Ատելության խոսքը, վիրավորանքը և թշնամանքի հրահրումը երբեք բարիք չեն կարող լինել։
Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում հավատավոր մեր աշխարհասփյուռ ժողովրդին շարունակել աջակից ու սատար լինել Արցախի մեր քույրերին և եղբայրներին և պատրաստակամ հանձնառություններով նպաստ ու ներդրում բերել Արցախի Հանրապետության զորացմանը, խաղաղ ու ապահով կյանքին։
Աղոթում ենք մեր երկրի խաղաղության ու առաջընթացի համար և հայցում Բարձրյալն Աստուծո օրհնությունն ու զորակցությունը մեր ժողովրդին։
Թող հայրենիքի համար աղոթքը մշտահունչ լինի մեր ազգի զավակների շուրթերին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը