Երկու տարում Հատուկ քննչական ծառայության, այսօր արդեն Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչից վարչության պետ դարձած Հրաչյա Մուշեղյանը ազատվել է աշխատանքից։ Պատճառը ընդդիմության` թափ հավաքող հանրահավաքներն են ու հնարավոր իշխանափոխության վտանգը, գրում է 168.am-ը։
Կայքը հիշեցնում է, որ Հրաչյա Մուշեղյանը Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաքննությունը վարող քննչական խմբի ղեկավարն է։ «Հրաչյա Մուշեղյանն է առաջադրել ի սկզբանե հակասահմանադրական մեղադրանք։ Կարճ ասած` նա է ողջ այս պատմության հեղինակը, և հիմա որպես պարգև վարչության պետի պաշտոնը ստացած Մուշեղյանը, աշխատանքից ճիշտ ժամանակին ազատվելով, ճանապարհներ է փնտրում դեպի ընդդիմադիրներ` որևէ կերպով չեզոքացնելու համար իր մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հարցում։
Ի դեպ, Վանեցյան-Սասուն Խաչատրյան հայտնի ձայնագրության մեջ հիշատակվող Հրաչը հենց Հրաչյա Մուշեղյանն է, թեպետ զրուցակիցները խառնել էին գործող անձին։ Իրականում կալանքը պետք է տար դատավոր Վաչե Մարգարյանը, բայց քանի որ այդ գործով պակաս դերակատար չէր Հրաչյա Մուշեղյանը, նրա անունը խառնել են դատավորի անվան հետ»,– գրում է կայքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը