Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում որոշեց վաղաժամկետ դադարեցնել Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները եւ ավագանու արտահերթ ընտրություններ նշանակել:
Առաջարկվել է ԿԸՀ-ին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում նշանակել Թալին համայնքի ավագանուարտահերթ ընտրության անցկացման օրը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2021-ի դեկտեմբերի 5-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին միավորված համայնքում տեղի է ունեցել համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություն: Թիվ 18 տարածքային ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 12-ի որոշման համաձայն՝ Թալին համայնքի ավագանին ընտրվել է և մանդատները բաշխվել են 4 կուսակցությունների միջև.
1) «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն՝6 մանդատ.
2) «Հայք» լիբերալ կուսակցություն՝3 մանդատ.
3) «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինք՝ 2 մանդատ,
4)«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 10 մանդատ:
Դեկտեմբերի 17-ին կայացել է Թալին համայնքի ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում ընդունվել է ավագանու որոշում, որի համաձայն՝ Տավրոս Սափեյանն ընտրվել է համայնքի ղեկավար: Սակայն, առ այսօր չի կայացել համայնքի ընտրված ղեկավարի երդման արարողությունը՝ ավագանու անդամների քվորումը չապահովվելու հիմքով:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունները միասնաբար բոյկոտել են ավագանու նիստերը:
Ս.թ. փետրվարի 8-ից առ այսօր Թալին համայնքի ավագանու նիստեր չեն հրավիրվել և անցկացվել, քանի որ դրանք պետք է հրավիրվեին համայնքի ղեկավարի կողմից, այնինչ՝ Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով Թալին համայնքի ընտրված ղեկավարն իր լիազորությունները չի ստանձնել:
Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե`
1) հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում»:
Այդ ժամկետը լրացել է ս.թ. մայիսի 8-ին:
Ելնելով վերոգրյալից՝ մշակվել և Կառավարության քննարկմանն է ներկայացվում «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը