NEWS.am-ը գրում է:
Գորիսի երեք գյուղերի՝ Շուռնուխի, Բարձրավանի եւ Որոտանի համար կառուցվող այլընտրանքային ճանապարհը մի քանի շաբաթ է՝ անանցանելի է դարձել բնակիչների համար՝ տեղացող անձրեւների պատճառով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանը։
Ավագյանի խոսքով՝ գյուղացիներն օգտվում են Որոտանի այլընտրանքային ճանապարհից։
«Այդ ճանապարհի վրա հողային աշխատանքները դեռ չեն ավարտվել, եւ անձրեւի պատճառով այն հիմա ամբողջությամբ ցեխ է։ Մենք հիմա օգտվում ենք Որոտանի այլընտրանքային ճանապարհից, դա էլ ավարտված չէ, բայց ավելի բարվոք վիճակում է»,- նշեց Ավագյանը։
Ավագյանի խոսքով՝ իրենց վստահեցրել են, որ այլընտրանքային ճանապարհն ամբողջապես պատրաստ կլինի օգոստոսին։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բարձրավան շտապօգնության մեքենայի գյուղ չի կարողանում հասնել։ Գյուղապետի փոխանցմամբ՝ այժմ այդ խնդիրը լուծված է։
«Հիմա փոխել ենք մեզ արդեն սպասարկում է Կապանի բժշկական կենտրոնը, որովհետեւ Գորիսից այլեւս մեքենա չէր կարողանում մոտենալ մեզ»,- ասաց գյուղապետը։
Օնիկ Ավագյանի խոսքով՝ Գորիս հասնելու համար գյուղացիները ստիպված են շաբաթը երկու անգամ «Ուրալով» տեղափոխվել։
« «Ուրալները» ամեն օր մեր գյուղի ուսուցիչներն են տեղափոխում, որոնք հիմնականում հարեւան գյուղերից են։ Դասապրոցներում երբեմն խափանումներ լինում, բայց հիմնականում նույն կերպ է ընթանում»,- ընդգծեց Ավագյանը։
Օնիկ Ավագյանը նշեց, որ թեպետ գյուղում թշնամու տիրապետության տակ անցած արոտավայրեր չկան, սակայն գյուղացիներն այլ վնասներ են կրել։
«Այլընտրանքային ճանապարհը գյուղացիների մեքենաները ջարդում է, հավելյալ ծախսերի կարիք առաջանում, վառելիքն էլ թանկացել է։ Մարդիկ դժվարությամբ են հասցնում։ Այս տարի ընդամենը չորս հեկտար գարնանացան ենք ունեցել՝ մինչդեռ սովորաբար առաջ քառասուն հեկտար ենք արել, բայց այս տարի սերմացու չկար, վառելիքն էլ շատ թանկ էր»,- պատմեց Ավագյանը։
27 տնտեսություն ունեցող գյուղում, սակայն, Օնիկ Ավագյանի խոսքով՝ բնակիչները դժվարությունների պատճառով գյուղը չեն լքում։
«Նույնիսկ մի քանի օր առաջ 44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանված մի ընտանիք տեղափոխվել է մեր գյուղ՝ ապրելու մեր ազատ տներից մեկում»,- հավելեց Ավագյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը