05 05 2022

Թիվ 24 դպրոցում ուսուցչուհին գրքով հարվածել է աշակերտին



Երևանի Ս. Սպանդարյանի անվան հ.24 հիմնական դպրոցում այսօր՝ մայիսի 5-ին  տեղի ունեցած միջադեպի ուսումնասիրության նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության աշխատակիցներն այցելել են դպրոց:

Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նաեւ նշվում է. «Դպրոցի տնօրինության և մանկավարժների մասնակցությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել 8-րդ դասարանում՝ «Անգլերեն» առարկայի դասաժամին, երբ ուսուցիչն ստեղծված իրավիճակում  դուրս է եկել ինքնատիրապետումից՝ դրսևորելով մանկավարժին ոչ հարիր և անթույլատրելի վարքագիծ: Դպրոցի տնօրենի՝ 05.05.2022թ. հ. 30 հրամանով ուսուցչի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ «Խիստ նկատողություն»:

Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է սովորողի նկատմամբ հակամանկավարժական վերաբերմունքի ցանկացած դրսևորում՝ անկախ որևէ իրավիճակից և կարևորում յուրաքանչյուր երեխայի հանդեպ անհատական մոտեցում գտնելու մանկավարժի պատասխանատվությունը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը ցուցաբերելու է շարունակական հետևողականություն՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում բացառելու նման դրսևորումները և համագործակցային աշխատանքի շնորհիվ ձևավորելու համապատասխան միջավայր՝ ի շահ դպրոցին վերապահված կրթադաստիարակչական գործառույթի պատշաճ իրացման»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ