Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է․
Ադրբեջանը տասնամյակներ շարունակ ցանկանում էր «չեղարկել» ԵԱՀԿ Մինսկի խումբը, և Փաշինյանը Բաքվին տվեց նաև այս պատմական հնարավորությունը։ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև բրյուսելյան բանակցությունների արդյունքներին հաջորդած երեկվա հայտարարության մեջ հիմնական գաղափարն այն էր, որ Երևանն ու Բաքուն հենց «երկկողմ ձևաչափով պետք է առաջընթաց գրանցեն բոլոր կարևոր հարցերի շուրջ» (սահմանազատումից մինչև խաղաղության պայմանագրի տեքստը), և ԵՄ-ն պատրաստ է «նպաստել գործընթացին, օրինակ՝ խորհրդատվություն տրամադրելով»։
Եթե նայենք ամենավերջին իրադարձություններին, ապա կտեսնենք, որ մի քանի օր առաջ ճիշտ նույն բանն էր ասվում ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, որը մեկնաբանելով Ղարաբաղում գազի անջատումը և շփման գծում լարվածությունը կողմերին կոչ արեց «երկկողմ շփումների ձեւաչափով լուծել խնդիրը»։ Նրանք ցանկանում են «չեղարկել Ռուսաստանին նաև Հարավային Կովկասում»՝ մոռանալով եռանախագահության ձեւաչափը։ ԱՄՆ-ին և Բրյուսելին չի հետաքրքրում, որ «Ռուսաստանի չեղարկումը Հարավային Կովկասում» հայկական պետականության տոտալ ոչնչացումն է նշանակում, որն արդեն այսօր իսկ «մազից է կախված»:
Մինսկի խմբի փլուզումը կամ «չեղարկումը» Բաքվի երկարաժամկետ ռազմավարական նպատակներից էր, որը թույլ կտա ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման հարցը «ժողովուրդների ինքնորոշման իրավունքի» հարթությունից տեղափոխել «Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների պաշտպանության հարթություն» (օրինակ՝ մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունք, սեփական հեռուստաալիք ունենալու իրավունք և այլն)։ Այլ կերպ ասած, «Ռուսաստանին չեղարկելու մշակույթը» նպաստում է Բաքվի և Թուրքիայի օրակարգի առաջխաղացմանը Ղարաբաղի և հարավկովկասյան տարածաշրջանի ապագայի շուրջ բանակցություններում։
Ադրբեջանը մոտ է հերթական դիվանագիտական բեկմանը, իսկ Հայաստանը մոտ է լիակատար մեկուսացմանը և «պետականության մնացորդների» կորստին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը