ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ տվյալներ էին ստացվել այն մասին, որ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության պատասխանատու պաշտոնատար անձինք քաղաքացիական գործի շրջանակներում 2017-2018թթ. դատարան չեն ներկայացրել «Գնոմոն» ԲԲԸ-ի հետ «փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի» հիմք հանդիսացող պայմանագիրը, ինչպես նաև չեն շտկել Վճռաբեկ դատարանի կողմից արձանագրված թերությունները, ինչի հետևանքով պետական բաժնեմասով ընկերությունը զրկվել է 1.092.593.543 ՀՀ դրամ դեբիտորական պարտքը ստանալու հնարավորությունից, և ծանրաբեռնվել շուրջ 56.000.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտավորությամբ:
Նշված փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել էր ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին:
Կատարվող նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Գնոմոն» ԲԲԸ տնօրեն Է. Գ.-ն նախնական համաձայնության է եկել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ տնօրեն Գ. Կ.-ի հետ, նյութապես շահագրգռելու եղանակով դրդել նրան ակնհայտ անցնելու օրենքով նախատեսված իր լիազորությունները: Մասնավորապես, վերոնշյալ պայմաններում Գ.Կ.-ն «Բաց բաժնետիրական ընկերությունների» մասին ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, 2012-2016թթ. «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ բաժնետերերի կողմից անցկացվող խորհրդի նիստի դրական կարծիքի բացակայության և միանձնյա խոշոր գործարք կնքելու իրավասություն չունենալու պարագայում Է.Գ.-ի հետ կնքել է փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ-համաձայնագրեր, ինչով անհիմն երկարաձգվել է «Երևանի ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲ ընկերության պարտավորությունների վճարման ժամկետները:
Արդյունքում պետական բաժնեմասով ընկերությունը զրկվել է 1.092.593.543 ՀՀ դրամ դեբիտորական պարտքը ժամանակին ստանալու հնարավորությունից:
Բացի այդ, Է. Գ.-ն «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության հանդեպ «Գնոմոն» ԲԲ ընկերության ունեցած դեբիտորական պարտքերը զրոյացնելու և դեբիտորական պարտքի գումարները յուրացման եղանակով հափշտակելու դիտավորությամբ Գ.Կ.-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քաղաքացիական գործի շրջանակներում, որով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ն 1.146.889.564 543 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջ էր ներկայացրել ընդդեմ «Գնոմոն» ԲԲ ընկերության, չտրամադրել հայցապահանջը հիմնավորող, ընկերությունների միջև առկա ակտ-համաձայնագրերի հիմքը հանդիսացող պայմանագիրը: Դրա հետևանքով հայցադիմումի քննության արդյունքում դատարանը մերժել է «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության պահանջը՝ պատճառաբանելով, որ հայցվորի կողմից վկայակոչված պայմանագրերը դատարան չներկայացնելով պայմանավորված՝ չի ապացուցվել միմյանց միջև պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքը: Այս վճիռը հետագայում մտել է օրինական ուժի մեջ:
Այսինքն Է. Գ.-ն հաստատապես իմանալով քննարկվող պայմանագրի առկայության մասին, օգտվելով Գ.Կ.-ի նկատմամբ ունեցած իր ազդեցությունից, նրա հետ պայմանավորվել է նշված պայմանագիրը չտարամադրել՝ ի սկզբանե գիտակցելով պայմանագրի բացակայության պայմաններում հայցապահանջի անհիմն լինելու հանգամանքը: Այդ կերպ, Է. Գ.-ն կազմակերպել և պետական բաժնեմասով ընկերությունից յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի 1.092.593.543 ՀՀ դրամ գումար։
Քննությամբ պարզվել է նաև, որ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ գործող տնօրեն Ա. Ա.-ն, թեև 2017թ. մայիսի 12-ին հայցադիմում է ներկայացրել դատարան և խնդրել անվավեր ճանաչել «Գնոմոն» ԲԲ ընկերության հետ կնքված «փոխադարձ հաշիվների ստուգման ակտերը», ինչպես նաև վերջինից բռնագանձել 1․092․593․543 ՀՀ դրամ, սակայն դատաքննության ընթացքում դատարան չի ներկայացրել ընկերությունների միջև 2007թ. հունվարի 15-ին կնքված համագործակցության պայմանագիրը և չի ապացուցել պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքը: Դրա պատճառով Դատարանը վճռով մերժել է ընկերության պահանջը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ որոշումներ են կայացվել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ նախկին տնօրեն Գ. Կ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, «Երևանի ոսկերչական գործարան-1» «Գնոմոն» ԲԲԸ տնօրեն Է. Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ տնօրեն Ա. Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրյալ ներգրավելու մասին։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություններ են ներկայացվել Է.Գ.-ի և Գ.Կ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք մերժվել են:
Է. Գ.-ի նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես խափանման միջոց է ընտրվել գրավը 100.000.000 ՀՀ դրամի չափով: Իսկ Գ.Կ.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրություն:
Նախաքննությունը շարունակվում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը