03 04 2022

Մեր պայքարի խրամատները մեր հրապարակներն ու փողոցներն են․ Նարեկ Մանթաշյանի կոչը՝ քկհ-ից

Մեր պայքարի խրամատները մեր հրապարակներն ու փողոցներն են․ Նարեկ Մանթաշյանի կոչը՝ քկհ-ից

Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Նարեկ Մանթաշյանի բաց նամակը՝ քրեակատարողական հիմնարկից․

Հրապարակում եմ Նարեկ Մանթաշյանի բաց նամակը քրեակատարողական հիմնարկից
Սիրելի հայրենակիցներ, ֆիզիկական անազատության մեջ գտնվելով, բայց իմ ողջ գիտակցությամբ ու բովանդակությամբ Ձեր արդար ու ազգանվեր գործին զորավիգ լինելով` իմ ողջույնի խոսքն եմ հղում Ձեզ։ Գիտակցելով մեր հայրենիքի առջև ծառացած ճակատագրական խնդիրները` կոչս ու խնդրանքս է Ձեզ` չկոտրվել, պայքարել, ոտքի կանգնել, երբեք չմտածել, որ ֆիզիկական մեկուսացումը, հետապնդումներն ու ռեպրեսիաները կարող են կոտրել մեզ։ Հավաստիացնում եմ հարազատներիս, ընկերներիս և իրապես հայ ժողովրդիս, որ անազատության մեջ գտնվելով` ես ավելի ազատ եմ, քան դատախազն ու քննիչը, որոնք իրականացնում են քաղաքական հետապնդում իմ նկատմամբ ու կատարում են բացահայտ պատվեր։ Սակայն ես չեմ ցանկանում խոսել իմ մասին, քանի որ ազգս ու հայրենիքս կանգնած են անդունդի եզրին։ Ուստի խնդրում եմ Ձեզ, մասնակցեք ապրիլի 5-ին կայանալիք հանրահավաքին ու պայքարեք։ Պայքարեք, որպեսզի մեր երեխաները և մեր թոռները ապրեն հզոր ու անվտանգ Հայաստանում։ Համարեք, որ Կառավարության շենքում իմ ծածանած հայոց Եռագույնը ես Ձեզ եմ փոխանցել, վերցրեք մեր սուրբ խորհրդանիշն ու գնացեք Ազատության հրապարակ։ Դրանով դուք ինձ Ազատություն կշնորհեք։ Ծածանե’ք հայոց Եռագույնը ի ցույց աշխարհի, որ հայի կամքը կոտրվել չգիտի, որ հայը հանձնվել չգիտի, որ հայը պարտվել չգիտի։ Գիտակցե’ք, որ Ձեզնից` յուրաքանչյուրիցդ է կախված մեր պետության ու պետականության գոյությունը, գիտակցե’ք, որ Ձեզնից յուրաքանչյուրը հայոց բնօրրանի զինվորն ու պաշտպանն է։ Այսօր, ցավալիորեն, մենք մեր պայքարը մղում ենք երկու խրամատում` այնտեղ, որտեղ մեր առջև արյունարբու թշնամին է, և այնտեղ, որտեղից խոսում են նույն թշնամու հետ բարեկամություն անելու մասին։ Մեր պայքարի խրամատները մեր հրապարակներն ու փողոցներն են, որտեղ մենք մեր միասնականությամբ ու վճռականությամբ պետք է ցույց տանք, որ հայի բազուկը չի թուլացել։ Հավատացե’ք, որ մեզնից յուրաքանչյուրիցս է կախված` մեր արդար պայքարը կավարտվի հաղթանակով, թե` ոչ։ Մասնակցելով 44-օրյա պատերազմին, պայքար մղելով նենգ դրածոների դեմ առաջին իսկ օրերից` ես իմացել եմ, որ իմ ժողովուրդը արժանի չէ այն ամենին, ինչ ունի այսօր։ Սա հային պատիվ չբերող իրականություն է, սա այն Հայաստանը չէ, որը մենք ցանկանում էինք փոխանցել մեր սերունդներին։ Մենք գիտենք` ինչ Հայաստան է մեզ պետք ու համոզված եմ, որ մեր երազանքների Հայաստանը կերտելու ենք։ Ոչինչ, ես պատրաստ եմ անժամկետ լինել անազատության մեջ, դրանով ինձ կոտրել չեն կարող, Ձե’զ կոտրել չեն կարող, Մե’զ կոտրել չեն կարող։ Մենք մեր երազանքների Հայաստանի հետևից ենք գնում, իսկ այդ Հայաստանում ներկայիս իշխանությունները անելիք չունեն, նրանք չեն ներկայացնում մեզ ու մեր սրբազան կամքը։ Նրանք հակաՀայաստան են։ Ոտքի կանգնեք, լարեք վերջին ճիգերը, որպեսզի կերտվի մեր հաղթանակը, որպեսզի այդ հաղթանակից հետո վերականգնվի արդարությունը, և որպեսզի ես` արդեն ազատության մեջ, ծածանեմ Եռագույնը այս անգամ ոչ թե Կառավարության շենքում, այլ Շուշիում։ Առաջ դեպի հաղթանակ։
Ձեր` Նարեկ Մանթաշյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ