Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարված են. գործողության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերին զգալի վնաս է հասցվել։ Այս մասին երեքշաբթի կայացած ժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է ՏԱՍՍ-ը։
«Նախ՝ Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին, ընդհանուր առմամբ, գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարված են։ Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժը զգալիորեն կրճատվել է, ինչը հնարավորություն է տալիս հիմնական ուշադրությունն ու հիմնական ջանքերը կենտրոնացնել գլխավոր նպատակին՝ Դոնբասի ազատագրմանը: Նվաճել ենք օդային գերակայություն: Գրեթե ոչնչացված են օդուժը և հակաօդային պաշտպանության համակարգը»,- ասել է նա։
Շոյգուն հայտնել է, որ 152 ինքնաթիռներից, որոնք մինչ գործողության մեկնարկը եղել են Ուկրաինայի զինված ուժերի մարտական կազմում, ոչնչացվել է 123-ը, 149 ուղղաթիռից՝ 77-ը, հեռահար և միջին հեռահարության ՀՕՊ 180 համակարգերից 152-ը:
«Երկրի ռազմածովային ուժերը դադարել են գոյություն ունենալ, զգալի կորուստներ են կրել ցամաքային և օդադեսանտային հարձակման ուժերի բոլոր կազմավորումները»,- ասել է Շոյգուն։
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել սահմանված նպատակներին, եզրափակել է ՌԴ ՊՆ ղեկավարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը