25 03 2022

Միջազգային կազմակերպված խումբը հավաքագրել է օտարերկրացի կանանց, որոնք ՀՀ-ում մարմնավաճառությամբ են զբաղվել

Միջազգային կազմակերպված խումբը հավաքագրել է օտարերկրացի կանանց, որոնք ՀՀ-ում մարմնավաճառությամբ են զբաղվել

Ոստիկանության ՔՈ գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և քննչական կոմիտեում պոռնկությանը նպաստելու հոդվածով քննվող քրեական գործի շրջանակներում կատարված նախաքննությամբ ստացվել են Հայաստանում կազմակերպված խմբի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ տվյալներ։

Գլխավոր դատախազության համակարգմամբ՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տվյալները հստակեցվեցին, իրականացվեցին ավելի քան մեկ տասնյակ խուզարկություններ, հայտնաբերվեցին մարմնավաճառությամբ զբաղվող կանայք, պոռնկությամբ զբաղվելը հիմնավորող բազմաթիվ ապացույցներ և առանձնապես խոշոր չափերով գումարներ։ Պարզվել է, որ միջազգային կազմակերպված խումբը, հիմնականում առցանց եղանակով, հավաքագրել է այլազգի կանանց և առաջարկել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, զբաղվել մարմնավաճառությամբ՝ խոստանալով ապահովել հաճախորդներով, բնակության վայրով և պոռնկությամբ զբաղվելու համար անհրաժեշտ այլ պայմաններով՝ փոխարենը պահանջելով մարմնավաճառությամբ «վաստակած» գումարի կեսը փոխանցել կազմակերպված խմբին:

Կազմակերպված խմբի կազմում առցանց եղանակով ընդգրկվել են նաև Երևանի կենտրոնում, հիմնականում նորակառույց շենքերում, վարձակալությամբ բնակարաններ տրամադրող անձինք, որոնք ստանձնել են պոռնկությամբ զբաղվելու համար բնակարանով ապահովելու պարտականությունը:
Հարուցված քրեական գործի շրջանակներում երեք անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ