18 03 2022

Ինչպես է Արմեն Սարգսյանը դարձել Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի․ Hetq.am

Ինչպես է Արմեն Սարգսյանը դարձել Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի․ Hetq.am

Hetq.am-ը գրում է․

980-ականներից սկսած՝ աշխարհի հարուստները տարբեր երկրներում հնարավորություն ունեն ներդրումների դիմաց օրինական կերպով գնելու անձնագրեր և վիզաներ ։ 

Այսպիսի հնարավորություն ընձեռող երկրները թույլ են տալիս քաղաքական և բիզնես էլիտաներին, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձանց հազարավոր դոլարների ներդրումներ անել (այդ թվում՝ անշարժ գույքի ոլորտում) և ներդրման դիմաց ստանալ այդ երկրի անձնագիր և վիզա։ Կարիբյան ծովում գտնվող Սենթ Քիթս և Նևիսն առաջին երկրներից էր, որը նման ծրագիր մշակեց (1984): 

Բոլոր ներդրումները և գործարքները կազմակերպում են իրավաբանական ընկերությունների միջոցով։ Այս ոլորտում աշխատող առաջատար ընկերություն է Henley and Partners-ը, որի  գլխամասը գտնվում է Միացյալ Թագավորությունում։ Այն ղեկավարում է Քրիստիան Կալինը (Christian Kälin), որի մականունն է Passport King։

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) և «Դաֆնե Կարուանա Գալիցիա» հիմնադրամը (Daphne Caruana Galizia Foundation) համատեղ հետաքննություն են իրականացրել Կարիբյան ծովի երկրներում Henley and Partners-ի գործունեության վերաբերյալ։ 

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ընկերության հաճախորդների թվում եղել են այնպիսի մարդիկ, որոնք այս կամ այն կերպ կապված են եղել ֆինանսական հանցագործությունների, փողերի լվացման, պատժամիջոցներից խուսափելու հետ, քաղաքական իշխանություն և չհիմնավորված հարստություն են ունեցել։

Նման մարդիկ պետք է ողջամիտ կասկածներ առաջացնեին և՛ այս ընկերության,  և՛ քաղաքացիություն տրամադրող երկրների մոտ։ Չնայած դրան, նրանք կարողացել են ներդրումների միջոցով Սենթ Քիթսի քաղաքացիություն ստանալ։ 

Հայաստանի հետ կապ ունեցող և այս ծրագրով Սենթ Քիթսի քաղաքացիություն գնած մարդկանց թվում են նաև ՌԴ և ՀՀ քաղաքացի, գործարար Ռուբեն Վարդանյանի կինը և ընտանիքի յոթ անդամներ։

OCCRP-ի ամբողջական հոդվածը անգլերեն՝ կարդացեք այստեղ։

Henley and Partners-ը իր գործունեության մեջ որևէ խնդիր չի տեսնում։ Այսպես, OCCRP-ի հարցումներին ի պատասխան՝ ընկերությունը պնդել է, որ միշտ ենթարկվել է տեղական, միջազգային օրենքներին և կանոնակարգերին, որ խնդրահարույց հաճախորդները լավ հաճախորդների համեմատ շատ քիչ են, սա գնահատելով որպես «շատ դրական նորություն»։ 

Իսկ Սենթ Քիթս և Նևիսի՝ «քաղաքացիություն՝ ներդրումների դիմաց» ծրագրի պատասխանատու պետական մարմիններն ընդհանրապես որևէ մեկնաբանություն չեն տվել։ 

Henley and Partners-ը մասնավորապես և անձնագրերի վաճառքի ոլորտը՝ ընդհանրապես, վերջին տարիներին խիստ քննադատության է արժանանում հատկապես մի շարք միջազգային սկանդալների պատճառով, որոնք կապված են եղել «քաղաքացիություն՝ ներդրումների դիմաց» ծրագրերի հետ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մալթան և Կիպրոսը։ 

Նման ծրագրերի քննադատները պնդում են, որ երկրորդ քաղաքացիության շնորհիվ հանցավոր գործունեությամբ զբաղվողները կարողանում են խուսափել արդարադատությունից, քողարկել իրենց ինքնությունը և ապօրինի ձեռք բերած միջոցները։

Բացի դրանից՝ նման ծրագրեր ունեցող երկրների քաղաքացիները և քաղաքական խմբերը կարող են սոցիալապես անարդար համարել այն, որ անհատները, որոնք երբևէ չեն ապրել տվյալ երկրներում և որևէ կապ չունեն այդ երկրի հետ, կարող են դառնալ քաղաքացիներ ընդամենը որոշ գումար վճարելով: Սա իր հերթին կարող է հանգեցնել սոցիալական բողոքների և աջակողմյան պոպուլիստական կուսակցությունների աճի:

Բազմամիլիարդ դոլարների շրջանառություն ունեցող այս ոլորտում աշխատող ներկայացուցիչները, ի հակառակ քննադատների, պնդում են, որ հավելյալ անձնագիրը աղքատ երկրների գործարարներին կարող է օգնել անկաշկանդ ճանապարհորդել և պաշտպանվել իրենց երկրների ավտորիտար ռեժիմներից: Միևնույն ժամանակ, այս ծրագրերը կարող են ներդրումների մեծ հոսք բերել ծրագիրն իրականացնող երկիր։

Կարդացեք նաև OCCRP-ի հոդվածը Henley and Partners-ի հաճախորդների մասին

«Հետքը» նույնպես ունի հրապարակումներ այս թեմայով։ Այսպես, գրել էինք, որ «Վիվառո»-ի հիմնադիր, գործարար եղբայրներ Վիգեն և Վահե Բադալյանները Մալթայի քաղաքացիություն են ձեռք բերել։

Ինչպես ավելի վաղ էինք գրել, ներդրումների դիմաց Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն գնել էր նաև ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ