Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ ստեղծված իրավիճակում բնակչության սոցիալական աջակցության ծրագրերի եւ ենթակառուցվածքների վերականգնման խնդիրների թեմայով:
Իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի, էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունների պատասխանատուները:
Երկրի ղեկավարը նշել է, որ օր առաջ պետք է ավարտել ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջաններում: Նախագահի խոսքով՝ պետք է գործադրել բոլոր ջանքերը բնակիչների վերադարձի կանոնավոր կազմակերպման եւ անհրաժեշտ գույքով ապահովելու ուղղությամբ:
Անդրադառնալով անօթեւան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջին փուլում պետք է լուծել ՀՀ տարածքում նրանց կեցության խնդիրները՝ համագործակցելով ՀՀ պետական լիազոր մարմինների հետ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ ստեղծված իրավիճակին վերաբերող այլ հարցեր
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը