Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումները: Այս մասին հաղորդում է կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Շարունակվել է քննարկումը սոցիալական աջակցության շահառուների շրջանակի, տրամադրման մեխանիզմների և հարակից մի շարք հարցերի շուրջ: Ի լրումն կառավարության նախորդ նիստում հավանության արժանացած ծրագրերի, ներկայացվել են համատեղ միջգերատեսչական աշխատանքի արդյունքում մշակված նոր միջոցառումները, որոնցով առաջարկվում է օժանդակություն հատկացնել որոշակի ոլորտների՝ կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած և հարկադիր պարապուրդի մեջ գտնվող գրանցված աշխատողներին: Աջակցությունը կտրամադրվի միանվագ նպաստի ձևով և բխում է կառավարության և՛ սոցիալական օժանդակությանը, և՛ տնտեսական անկման մեղմմանը միտված քայլերի տրամաբանությունից:
Քննարկման առարկա են դարձել աջակցության իմպլեմենտացիայի գործիքակազմին՝ հատկացման կարգին, ժամկետին, չափին վերաբերող և այլ հարցեր:
Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կառավարությունը զուգահեռ աշխատանք է իրականացնում և՛ առողջապահական, և՛ սոցիալական, և՛ տնտեսական խնդիրների փոխկապակցված լուծման ուղղությամբ, այս միանվագ աջակցությունն ուղղված է աշխատող մարդուն խրախուսելուն և պետք է տրամադրվի հնարավորինս արագ: Վարչապետը հանձնարարել է արտակարգ ռեժիմով աշխատել և սեղմ ժամկետում վերջնական տեսքի բերել քննարկված միջոցառումների փաթեթները` կառավարության նիստում հաստատելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը