18 03 2020

Երևանի քաղաքապետարանը պարտավորված կվճարի բոլորին. փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետարանը պարտավորված կվճարի բոլորին. փոխքաղաքապետ

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմի հետևանքով հարկադիր պարապուրդում եղած ողջ ժամանակահատվածի համար կվճարվեն Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր հաստատությունների աշխատակիցները՝ լրիվ աշխատավարձի չափով: Այս մասին Yerevan․Today-ի հետ զրույցում նշեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Ընդ որում, ցանկում միայն 161  մանկապարտեզներն ու դպրոցները չեն:

«Անկախ հանգամանքներից՝ ամբողջ աշխատավարձի չափով կվճարվեն նաև մեր հինգ թանգարանների՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Երևանի պատմության, Երևանի ժամանակակից արվեստի, Ֆրիտյոֆ Նանսենի և Կարեն Դեմիրճյանի թանգարանների աշխատակազմերը, Ղափլանյանի անվան պետական Դրամատիկական թատրոնինը, Մհեր Մկրտչյանի անվան և Պատանի հանդիսատեսի թատրոնի կոլեկլտիվները, ինչպես նաև մեր մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, սպորտդպրոցների, արվեստի և երաժշտական դպրոցների աշխատակիցները»,- հավելեց Վիրաբյանը:

Հիշեցնենք, մարտ ամսին համաճարակային իրադրության պատճառով միայն մեկ շաբաթ գործեցին կրթական և նախակրթական հաստատությունները, մարտի 9-ից կառավարության որոշմամբ վերսկսված դասապրոցեսը կրկին կասեցվեց՝ այս անգամ արտակարգ դրություն հայտարարելու պատճառով:

Արտակարգ դրությունը իրավական ուժ ստացավ մարտի 16-ին, ժամը 18։30-ից սկսած և ուժի մեջ է լինելու մինչև ապրիլի 14-ը՝ ժամը 17։00-ն ՝ ողջ հանրապետության տարածքում։

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ