Օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն անդրադարձել էր Ալավերդու պղնձաձուլարանի՝ աշխատանքից զրկված աշխատակիցների խնդրին: Մասնավորապես, նա նշել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Նորայր Պետրոսյանի հետ, նախնական համաձայնություն է ձեռք բերվել, որ առաջին փուլով 50 աշխատակից աշխատանքի կանցնի Թեղուտ ՓԲԸ-ում:
Հիշեցնենք, որ Նորայր Պետրոսյանը այն նույն գործարարն է, ում չենք տեսել, բայց շատ ենք լսել: Դեռ անցած տարվանից նա հայտնի է որպես Թեղուտի փրկիչ: Նրան իշխանության ներկայացուցիչները միշտ հիշում են և վկայակոչում, երբ հերթը հասնում է Թեղուտին:
2018թ․ տարեվերջին՝ նոյեմբերի 27-ին, երբ Նիկոլ Փաշինյանին պետք էին ալավերդցիների ձայները՝ կրկին վարչապետ աշխատելու համար, Ալավերդիում քարոզարշավի շրջանակներում անդրադարձավ Թեղուտի հանքավայրի խնդրին՝ ասաց, որ գործարար Նորայր Պետրոսյանի հետ խոսել են, մեկ-մեկուկես ամսից Թեղուտը կաշխատի, որտեղ կաշխատեն Ալավերդու պղնձաձուլարանի փակման արդյունքում գործազուրկ դարձածները։
Քարոզարշավն ավարտվեց, նոյեմբերին հաջորդող մեկ-երկու ամիսը նույնպես, իսկ Թեղուտի վերագործարկումը դեռ չի մեկնարկել: Բացի այդ Datalex համակարգից տեղեկանում ենք, որ այս տարվա ապրիլ ամսին «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ հայց է ներկայացվել դատարան՝ 800. հազար դրամ բռնագանձման պահանջով: Ընկերությունը մատուցված ծառայություների համար չի վճարել:
Այսինքն ըստ վարչապետի դեռ տարվա սկզբից վերագործարկվող ընկերությունը ապրիլ ամսվա տվյալներով չի մարել 800 հազար դրամի պարտք: Վճարե՞լ է պարտքը ընկերությունը, թե ոչ, պարզ չէ, հայցը հետ է վերցվել և ըստ մամուլի հրապարակումների՝ օգոստոսին նախատեսվում է Թեղուտի վերագործարկումը: Եթե հավատանք այս լուրերին, ապա այս դեպքում ևս ըստ վարչապետի տված խոստման՝ Ալավերդու պղնձաձուլարանի փակման արդյունքում գործազուրկ դարձածները պետք է աշխատանքի անցնեին այստեղ: Այնինչ, իմքայլական պատգամավորը նշում է, որ պայմանավորվել է, (ստացվում է նորից վերապայմանավորվել է, որովհետև վարչապետը դեռ նոյեմբերին ասում էր, որ ինքը պայմանավորվել է) որ 220 գործազուկ դարձած ալավերդցիներից Թեղուտում աշխատանքի կանցնեն 50-ը: Դժվար է հավատալ, թե ինչպես է սույն գործարարը անսալու պատգամավորի խոսքին, եթե վարչապետին տրված խոստումը, ըստ էության, չէր կատարվել:
Նաև տարօրինակ է, թե ինչպես է կատարվելու խոստումը, եթե անգամ 800 հազար դրամ վճարելն է դատական քաշքշուկի խնդիր դարձել։
Հիմա հարցին նայենք աշխատանքը կորցրած ալավերդցու տեսանկյունից, ով դեռ նախորդ տարվանից հետևում է դեպքերի ընթացքին: Նա 2018-ի հոկտեմբերին կորցնում է աշխատանքը, նոյեմբերին վարչապետի շուրթերից լսում խոստում, որ իր աշխատանքի հարցը կլուծվի ամենաուշը մեկ-մեկուկես ամսից, իսկ արդեն հուլիսին ԱԺ պատգամավորը նրան հորդորում է պինդ լինել և ասում, որ նրանցից 50-ի աշխատանքի հարցը հնարավոր է լուծվի: Արդյունքում մնում է 10 ամիս աշխատավարձ չստանալու, միայն խոստումներ լսելու և տարրական սոցիալական խնդիրներ հոգալու, այլ կերպ ասած ապրելու՝ անհանսկանալի բանաձևը:
Տաթև Միրզոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը